Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ նրա՝ հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետներ: «Թե´առաջնային, և թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով Մ. Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին»,- նշեց ՀՔԾ մամուլի խոսնակը:
Մանվել Գրիգորյանի փաստաբանները երկու օր առաջ՝ մարտի 19-ին, դիմել են դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 101 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
comment.count (0)