«Ֆլեշը» հատուցել է գյուղացիների վառելիքի սուբսիդավորման ընթացքում պատճառած վնասը
09:45 - 21 մարտի, 2019

«Ֆլեշը» հատուցել է գյուղացիների վառելիքի սուբսիդավորման ընթացքում պատճառած վնասը

«Ֆլեշ» ընկերությունը հատուցել է 2014-2015 թվականներին գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում չարաշահումներով պատճառված 111.5 մլն դրամ վնասը, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ ծրագիրն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. համապատասխան որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները:

Չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման պարտականությունները: Բացի այդ պարզվել էր, որ 2015-ին կառավարության որոշմամբ 2015թ. դիզելային վառելիքի սուբսիդավորման գին է սահմանվել 1 լիտրի համար 55 դրամ:

Չնայած այդ հանգամանքին՝ նույն որոշման մեկ այլ կետով և դրա հիման վրա կնքված համաձայնագրով մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ: Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել էր էական վնաս՝ պետական բյուջեից դիզելային վառելիքի գծով 2015-ին անհիմն, շուկայական գներից թանկ, տրամադրվել է 104.8 մլն դրամ ավելի սուբսիդիա:

Արձանագրված առերևույթ խախտումների փաստով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է նաև, որ 2014-ին կառավարության որոշմամբ մեկ լիտր դիզվառելիքի սուբսիդիայի չափը սահմանվել է 88 դրամ: Սակայն մատակարար ընկերությունն առանց բավարար իրավական հիմքերի դիզվառելիքի 1 լիտրը մատակարարել է նախորդ տարի սահմանված 90 դրամ գնով՝ 2 դրամ թանկ, որը ևս փոխհատուցվել է պետության կողմից, ինչի հետևանքով պատճառվել է 6.6 մլն դրամի վնաս

Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել