ԵՄ-ը վերահաստատում է աջակցությունը բելառուս ժողովրդի ազատության ձգտումներին |azatutyun.am|
17:13 - 09 փետրվարի, 2022

ԵՄ-ը վերահաստատում է աջակցությունը բելառուս ժողովրդի ազատության ձգտումներին |azatutyun.am|

azatutyun.am: «Փետրվարի 9-ին լրանում է Բելառուսի 2020 թվականի կեղծված ընտրությունների 18 ամիսը։ 1,5 տարի անց Լուկաշենկոյի ռեժիմը շարունակում է մարդու իրավունքների լայնածավալ խախտումները ու դաժան բռնաճնշումները բելառուսական հասարակության բոլոր խավերի դեմ», - ասված է ԵՄ մամուլի խոսնակի փետրվարի 9-ին տարածած հայտարարությունում։

Նշված է, որ այսօրվա դրությամբ Բելառուսում 1040 մարդ, որպես քաղբանտարկյալ, գտնվում է բանտերում, այդ թվում՝ լրատվամիջոցների 33 աշխատակից։

«Քաղաքական շարժառիթներով ազատազրկումների մասին հաղորդվում է ամեն օր։ Շատ ձերբակալվածներ ենթարկվել են բռնությունների և դաժան վերաբերմունքի, երկարաժամկետ ազատազրկումների են դատապարտվել դռնփակ անցկացվող դատավարություններով», - ընդգծել է Եվրամիությունը՝ կոչ անելով անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել նրանց։

Բրյուսելը նշում է, որ միջազգային գործընկերների հետ մասին աշխատում են տուժածների համար արդարություն ապահովել, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Եվրամիությունը անդրադարձել է նաև բելառուսական մամուլի ու խոսքի ազատության վիճակին, նշելով որ հետապնդումների պատճառով հարյուրավոր լրագրողներ ստիպված լքել են երկիրը։

«Բելառուսի իշխանությունները օրենքից դուրս են հայտարարել անկախ լրագրությունը, իսկ անկախ լրատվության որևէ աղբյուր փնտրող քաղաքացիները ենթարկվում են ոտնձգությունների։

Չնայած ուժեղ ճնշումներին, բելառուս անկախ լրագրողները ճշմարտության, ժողովրդավարության և հիմնարար իրավունքների պայքարում մնում են առաջնագծում։ Նրանք շարունակում են կարևոր լուսաբանում ապահովել Բելառուսի ներսի ու դրսի լսարանին։ Եվրոպական Միությունն ու անդամ երկրները կշարունակեն աջակցել բելառուսական անկախ լրագրությանը»,- հայտարարել է Բրյուսելը։

Եվրամիությունը աջակցություն է հայտնել անվտանգության, ինքնիշխանության, ժողովրդավարության և բարգավաճ ապագայի համար բելառուս ժողովրդի ձգտումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել