Կալանքի պահին գեներալը ինսուլինից կախված չէր․ նրա առողջական վիճակն էլ չի լավանա․ պաշտպան
10:56 - 23 մարտի, 2019

Կալանքի պահին գեներալը ինսուլինից կախված չէր․ նրա առողջական վիճակն էլ չի լավանա․ պաշտպան

Հատուկ քննչական ծառայությունը, հայտարարելով, թե Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին, հղում է անում անօրինական փաստաթղթի: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե լինում է առողջապահության փոխնախարարը, սակայն եզրակացության տակ ստորագրել է այն փոխնախարարը, որն արդեն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Հետևաբար այստեղ նախ պետք էր քրեաիրավական գնահատական տալ այդ անձի գործողություններին, և այդ ապացույցը որպես այդպիսին չօգտագործել», - նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը։

Այդուհանդերձ, ըստ Արսեն Մկրտչյանի՝ իրենց պնդումները, թե Մանվել Գրիգորյանը ծանր հիվանդությունների պատճառով պետք է ազատության մեջ լինի, չի հակասում ՀՔԾ հայտարարությանը, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը կխոչընդոտի պատիժը կրելուն։ Ըստ պաշտպանի՝ պետք է տարբերակել պատիժը կալանքից:

«Մանվել Գրիգորյանը ոչ թե պատիժ է կրում, այլ կալանքի տակ է։ Կա կառավարության որոշում, որով հաստատված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը։ Իսկ կալանքի տակ պահելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Սա նշանակում է, որ կա օրենսդրական բաց», - նշեց Արսեն Մկրտչյանը։ Պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կալանքի վերցնելու պահից մինչև հիմա վատացել է:

«Կալանքի վերցնելու պահին ինսուլիանակախվածություն չի եղել, շաքարի ցուցանիշը եղել է 7, իսկ հիմա Գրիգորյանը ստանում է մոտ 110 միավոր ինսուլին, շաքարի ցուցանիշը դարձել է 27, 18 հիվանդություններն էլ դարձել են 20։ Մեր պնդմամբ այս դեպքում անձը ենթակա է ազատման, քանի որ նրա առողջական վիճակը արդեն չի լավանալու», - նշեց Արսեն Մկրտչյանը։

24news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել