armenpress.am: Երևանում կհամախմբվեն բիոտեխնոլոգիաների, տնտեսագիտության և գիտական այլ ճյուղերի աշխարհի առաջատար մասնագետները՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, Երևանում գիտաժողովներ են անցկացվելու տնտեսության և բիոտեխնոլոգիաների ոլորտին նվիրված ակադեմիական միջոցառումների շրջանակում: «Էվոլուցիա և արհեստական բանականություն» խորագրով գիտաժողովը կանցկացվի մարտի 29-ից ապրիլի 3-ը, իսկ միջազգային տնտեսական գիտաժողովը՝ ապրիլի 1-2-ը: Գիտաժողովներն իրականացվում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ կառավարության (հանձին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
Գիտաժողովի համանախագահ, Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը նշել է, որ տնտեսական հեղափոխության մասին մտորելիս ամիսներ առաջ արձանագրեց, որ տնտեսության աճի տեմպերը Հայաստանում ցածր են: Գիտնականը որոշեց իր ուժերի ներածին չափով օգնել կառավարությանը՝ տնտեսության զարգացման հարցում. կապվեց տարբեր երկրների իր գործընկերների հետ, հրավիրեց Հայաստան՝ լսելու նրանց խորհուրդները տնտեսության օպտիմալ զարգացման մասին՝ այդ համատեքստում դիտարկելով նաև Հայաստանի օրինակը։
Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի առաջատար փորձագետներն ու գիտնականները: Մի քանի դասախոսություն կկարդա Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեծ փորձագետը՝ Դիդիե Սոռնեն։ Գիտաժողովին ելույթ է ունենալու ֆրանսիացի ֆիզիկոս Սերժ Գալամը, ով կանխատեսել է Բրեգզիթի քվեարկության արդյունքն ու Թրամփի հաղթանակը։ Տեսակապով դասախոսություն կկարդա ֆիզիկոս Յանիիր Բար Յամը Բոստոնից, ով Ուոլլ Ստրիտի համար մոդելավորում է տնտեսությունը և Սպիտակ տան համար՝ քաղաքականությունը։ Հայաստան են ժամանելու և ելույթով հանդես գալու բիոինֆորմատիկա գիտության ստեղծողը և մի խումբ այլ հանրահռչակ գիտնականներ։
comment.count (0)