Օրենսդրական նախաձեռնություն. պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
16:04 - 17 փետրվարի, 2022

Օրենսդրական նախաձեռնություն. պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը: Գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը:

Ըստ հիմնավորման՝ ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում են, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության:

Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

3) ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել