Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում հարձակվել Դոնբասի վրա |hetq.am|
21:46 - 18 փետրվարի, 2022

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում հարձակվել Դոնբասի վրա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի նախատեսում հարձակողական գործողություններ իրականացնել Դոնբասում։ Այդ մասին ուրբաթ՝ փետրվարի 18-ին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։

«Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կանխատեսում և չի նախատեսում հարձակողական գործողություններ իրականացնել երկրի արևելքում։ Տարածքների ապաբռնազավթման մեզ համար միակ ընդունելի տարբերակը քաղաքական-դիվանագիտականն է»,- հայտարարել է Զալուժնին ֆեյսբուքյան իր ուղերձում։ 

Նրա խոսքով՝ հարձակողական գործողությունը «պարտադիր կհանգեցնի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի»։ «Այդ իսկ պատճառով այդպիսի սցենար չի դիտարկվում»,- վստահեցրել է Զալուժնին։

Նա հայտարարել է, որ ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների կողմից հայտարարված ուկրաինական հնարավոր հարձակման մասին լուրերը կեղծ են։ «Իմ տված տեղեկատվությունը հաստատվել է նաև ԵԱՀԿ-ի կողմից»,- նշել է նա։ 

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսքով՝ Ուկրաինան հավատարիմ է միջազգային իրավունքի և մարդկային բարոյականության սկզբունքներին ու նորմերին։

«Ի տարբերություն օկուպանտների, մեզ համար Ուկրաինայի ներսում կամ նրա սահմաններից դուրս մեր բոլոր քաղաքացիների կյանքերը բարձրագույն արժեք են»,- ընդգծել է Զալուժնին։

Նա նաև նշել է, որ ուկրաինական կողմը սադրանքների չի դիմում, կրակ չի արձակում քաղաքացիական բնակչության ուղղությամբ, որտեղ «ցինիկաբար դիրքավորվել են ուժայինները»։ 

Ավելի վաղ, Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսերով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։ 

Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին», հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։

Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել