Մարալիկցիները բողոքում են Սոցիալական ապահովության ծառայության պետի դեմ. |news.am|
11:41 - 13 մայիսի, 2019

Մարալիկցիները բողոքում են Սոցիալական ապահովության ծառայության պետի դեմ. |news.am|

news.am: Շիրակի մարզի Մարալիկ համայնքի բնակիչները այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ցույց էին անում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց՝ բողոքելով Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դեմ։

«Բողոքի ցույցը Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դեմ է, որը մայիսի 8-ին ծառայողական կապով զանգահարել է Շիրակի մարզի Մարալիկի տարածքային բաժնի պետ Ռուզաննա Հարությունյանին եւ ասում, որ գործող համայնքապետ Արտակ Գեւորգյանի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորի, որ այլեւս չկանգնեն հրապարակում եւ դադարեցնեն բողոքի ակցիաները»,–պատմեց ցուցարարներից Աշոտ Թորոսյանը։

Ցուցարարը հայտնեց, որ Ռուզաննա Հարությունյանը իր մայրն է եւ նրանից է տեղեկացել զանգի մասին, այլ մանրամասներ չգիտի. «Քանի որ Սուրեն Ղամբարյանը զանգահարել է Մարալիկի տարածքային բաժնի պետին, մենք կոռուպցիոն ռիսկ եւ ուղղորդում ենք տեսնում, կարելի է ենթադրել, որ նա որեւէ շահ ունի։ Հնարավոր է, որ նա պատվեր է կատարում»։

 Ցուցարարների հետ հանդիպել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը եւ խոստացել պահանջը քննարկել։

Նրանք իրենց բողոքի ցույցը շարունակելու են Մարալիկում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել