Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով |armenpress.am|
12:31 - 13 մայիսի, 2019

Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով |armenpress.am|

armenpress.am։ Երևանում վերելակների առկա ֆոնդի փոխանակման, բարելավման ծրագիրն ավարտական փուլում է, և քաղաքապետարանը կառավարություն կդիմի ֆինանսական մոդելի հաստատման նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ վերելակների վերանորոգման, վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 միլիարդ դրամ:

«Սա 3600 վերելակի տոտալ փոխարինման ընդհանուր ֆոնդն է, ինչը չունի Երևանի բյուջեն: Մոդելը ենթադրում է վերելակների փոխարինում և վերելակների փոխարինման նպատակով ծախսվող միջոցների փոխհատուցում 20-25 տարիների ընթացքում»,-ասաց նա:

Փոխքաղաքապետի խոսքով` միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար ամսական 1600 դրամ է վճարում: «Մենք դիտարկել ենք 1600 դրամը և այն կարող է 20-30 տոկոսով բարձրանալ: Մայրաքաղաքում շահագործվող վերելակների գրեթե 70 տոկոսը ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել»,-նշեց նա:

Հայկ Սարգսյանն ասաց, որ այսօր արդեն քաղաքապետը հանձնարարական է տվել` վերելակների նախնական պիլոտային փոխարինման համար: 1100 վերելակների տեխնիկական գնահատում է իրականացվել, որոնց թվում 31 վերելակ ենթակա չէ շահագործման»,-հավելեց նա:

Անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում օրեր առաջ վերելակի հետ կապված դեպքին, փոխքաղաքապետն ասաց, որ վերելակի անկում տեղի չի ունեցել: «Վերելակի դռները բացվել են առաջին հարկում, սակայն վերելակի չորս ճոպաններից մեկը պոկվել է և դրա համար կանգառը կտրուկ է տեղի ունեցել»,-պարզաբանեց բանախոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել