Ի՞նչ ընթացքի մեջ են Աջափնյակում մետրոյի կայարանի և Նոր Նորքի զանգվածում ճոպանուղու շինարարական աշխատանքները |aysor.am|
10:58 - 13 մայիսի, 2019

Ի՞նչ ընթացքի մեջ են Աջափնյակում մետրոյի կայարանի և Նոր Նորքի զանգվածում ճոպանուղու շինարարական աշխատանքները |aysor.am|

aysor.am: Դեռևս տարեսկզբին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ Աջափնյակ համայնքում մետրոյի երկու կայարան կկառուցվի։

«Քանի որ ֆինանսական մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով և քաղաքը կապել Աջափնյակի հետ։ Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն», - ասել էր գլխավոր ճարտարապետը։

«Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման վերաբերյալ ընթանում է նախկինում իրականացված նախագծային և շինարարական աշխատանքների ուսումնասիրություն, ինչպես նաև քննարկումներ են կազմակերպվում ժամանակին մետրոյի վերոնշյալ կայարանի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացրած մասնագետների և կազմակերպությունների հետ», - տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից հաղորդեցին նաև, որ լիարժեք տեղեկատվություն տրամադրել հնարավոր կլինի միայն նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության պարագայում, որոնց մշակման համար նախապատրաստվում են նյութեր` նախագծային մրցույթ հայտարարելու համար:

«Մոտավոր ժամկետը նախատեսվում է սույն թվականի հունիս ամսին»,- ասացին քաղաքապետարանից։

Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել էր նաև, թե «Նորքի մասիվը ճոպանուղիով կկապվի քաղաքի կենտրոնի հետ։ Այս նախագիծն ավելի արագ կիրականացվի, քան՝ մետրոյի կայարան կառուցելը, քանի որ ավելի համեստ ծախսեր է պահանջում»։
Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ նույն իրավիճակն է նաև դեպի Նոր Նորքի զանգված հասնող ճոպանուղու հետ կապված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել