Ռուսաստանի ԿԲ-ն կասեցրել է դրամական փոխանցումները մի շարք երկրների քաղաքացիների համար
17:30 - 02 մարտի, 2022

Ռուսաստանի ԿԲ-ն կասեցրել է դրամական փոխանցումները մի շարք երկրների քաղաքացիների համար

Ռուսաստանի Կենտրոնական բանկը վարկային կազմակերպություններին պարտավորեցրել է մարտի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցնել այն երկրների իրավաբանական և ֆիզիկական անձանց դրամական միջոցների փոխանցումներըը դեպի օտարերկրյա հաշիվներ, որոնք սահմանափակումներ են կիրառել Ռուսաստանի դեմ։ «Ծառայողական օգտագործման համար» կնիքով նամակն ուղարկվել է բանկերին։

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը պնդում է, որ ունի դրա պատճենը, իսկ փաստաթղթի իսկությունը հաստատել են իր երկու աղբյուրները ֆինանսական կազմակերպություններում։

Բացի այդ՝ բոլոր օտարերկրյա քաղաքացիներն, առանց բանկային հաշվեհամար բացելու, կարող են ամսական $5000-ից կամ դրան համարժեք գումարից ոչ ավելի միջսահմանային դրամական փոխանցումներ անել։ Այդպիսի փոխանցումներ սովորաբար իրականացնում են դրամական փոխանցման համակարգերը։ Սահամանչափը կորոշվի փոխանցման պահին ռուբլու նկատմամբ արտարժույթի՝ ԿԲ սահմանած փոխարժեքի հիման վրա։ Այս սահմանափակումը վերաբերում է ոչ միայն պատժամիջոցներ կիրառած երկրների քաղաքացիներին, այլև բոլոր օտարերկրացիներին։

«Ազգային վճարային խորհուրդ» ոչ առևտրային գործընկերության կառավարման նախագահ Ալմա Օբաևան նշել է, որ վերջին կետը վերաբերում է նաև աշխատանքային միգրանտների փոխանցումներին։

Ռուսաստանի ԿԲ նամակում նշվում է, որ այն ուղղված է «ֆինանսական կայունության ապահովմանը»։ Սահմանափակումները գործում են 2022 թ-ի մարտի 1-ից 31-ը ներառյալ։ Նամակին կցված է այն երկրների ցանկը, որոնք 2022 թ-ի փետրվարի 23-28-ը հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այդ ցանկում 43 պետություն կա, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն։

Բանկը «Վեդոմոստիի» հետ զրույցում հաստատել է սահմանափակումների մասին լուրը․ «Ռուսական ֆինանսական շուկայից միջոցների դուրսբերումը կանխելու և ֆինանսական կայունություն ապահովելու համար Ռուսաստանի բանկը ժամանակավորապես կասեցրել է փոխանցումները մի շարք երկրների ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց հաշիվներից օտարերկրյա հաշիվներին»։

ԿԲ-ն հստակեցրել է, որ այս սահմանափակումը չի վերաբերում Ռուսաստանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՊՀ պետությունների քաղաքացիների մեծ մասին։

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել