Ռուսաստանցի և բելառուս մարզիկներին արգելվել է մասնակցել Ձմեռային պարալիմպիկ խաղերին
13:37 - 03 մարտի, 2022

Ռուսաստանցի և բելառուս մարզիկներին արգելվել է մասնակցել Ձմեռային պարալիմպիկ խաղերին

Ռուսաստանցի և բելառուս մարզիկներին արգելվել է մասնակցել Պեկինում մարտի 4-ին մեկնարկող Ձմեռային պարալիմպիկ խաղերին։ Այս մասին, The Guardian-ի փոխանցմամբ, հայտարարել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեն։

Նախօրեին կոմիտեն թույլատրել էր Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել խաղերին չեզոք դրոշի ներքո։

Այսօր առավոտյան արված հայտարարությունում Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսը նշել է․ «Երեկվա որոշումը կայացնելիս մենք հաշվի ենք առել պարալիմպիկ շարժման հետագա հեռանկարները։ Մենք հպարտանում ենք այն սկզբունքներով և արժեքներով, որոնք շարժումը դարձրել են այնպիսին, ինչպիսին այն կա։ Սակայն սրվող իրավիճակը մեզ դժվարին դրության մեջ է գցել խաղերի հենց մեկնարկի նախաշեմին»։

Նա ընդգծել է, որ մարզիկների անվտանգության ապահովումն ու պաշտպանությունը կազմակերպության համար առաջնային նշանակություն ունեն, իսկ իրավիճակն օլիմպիական ավաններում սրվում է և ներկա պահին անթույլատրելի է դարձել։

«Նախևառաջ, Պարալիմպիկ առաքելության շրջանակում, որն ամրագրված է Կանոնադրությունում, մենք պարտավոր ենք երաշխավորել հաջող Պարալիմպիկ խաղերի կազմակերպումն, ապահովել, որ սպորտում պարալիմպիկ շարժման շրջանակում գերիշխի ազնիվ խաղի ոգին, չլինեն բռնություն և մարզիկների առողջության համար ռիսկեր, ու պահպանվեն հիմնական էթիկական սկզբունքները»,- ասել է Փարսոնսը։

Պարալիմպիկ կոմիտեի այս որոշման հետևանքով խաղերին չի մասնակցի 83 մարզիկ։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել