Ի՞նչ իրավիճակ է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը |hetq.am|
13:51 - 07 մայիսի, 2019

Ի՞նչ իրավիճակ է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը |hetq.am|

hetq.am: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը հօգուտ Քոչարյանի որոշում է կայացրել: Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ՍԴ-ի որոշումն ինչու է հօգուտ Քոչարյանի, ինչ իրավիճակ է ստեղծում նրա գործով և ինչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել:

Նշենք, որ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը որոշելուն: Դիմումը ներկայացվել է այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը, քննելով Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Այսպես, 2018 թվականի հուլիսի 27-ին, առաջին ատյանի դատարանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդությունը, որոշել էր այն բավարարել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն օգոստոսի 13-ին որոշել էի նրան ազատ արձակել անձեռնմխելիության հիմքով:

Այս որոշումը Վճռաբեկ դատարան էր բողոքարկվել թե՛ դատախազության, թե՛ Քոչարյանի պաշտպանների կողմից, 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը, քննելով բողոքները, որոշել էր գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Արդյունքում Քոչարյանին նորից կալանավորելու որոշում էր կայացվել:

Վարդևանյանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, ինչպիսին կալանքի հարցն է, Վճռաբեկ դատարանը կա՛մ մերժում է վճռաբեկ բողոքը, կա՛մ կայացնում է նոր դատական ակտ:

Ուստի, ըստ փաստաբանի, Վճռաբեկը դատական ակտը բեկանել և այն նույն դատարան ուղարկելու լիազորություն չուներ:

Սահմանադրական դատարանը, փաստորեն, քննելով Քոչարյանի պաշտպանների դիմումը, եզրակացրել է, որ Քրեական դատավարության 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործը ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է, ինչը, փաստորեն, չի արվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթները կիրառվել են Սահմանադրական դատարանից տարբերվող մեկնաբանությամբ, ՍԴ-ն եզրակացրել է, որ դիմողի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման:

Արամ Վարդևանյանը փաստում է՝ Սահմանադրական դատարանի որոշումից ստացվում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով բեկանվել էր Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատական ակտը՝ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու, պետք է վերանայվի:

«Այսինքն՝ մենք որոշակիորեն վերադառնում ենք այն իրավական ռեժիմ, երբ Վճռաբեկ դատարանը դեռևս քննում է Ալեքսանդր Ազարյանի կողմից կայացված որոշման դեմ բողոքները: Այդ ժամանակ ի՞նչ իրավական ռեժիմ էր գործում. Քոչարյանը Ալեքսանդր Ազարյանի որոշման հիման վրա ազատ էր արձակվել»,- նշեց Արամ Վարդևանյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել