Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում
15:19 - 21 մարտի, 2022

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում

Հայաստանի  Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 21-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում: Այս մասին հազգայինայտնում են ԱԺ-ից, վեհաժողովի օրակարգի հիմնական ուղղվածությունը կլիմայական փոփոխությունների դեմ համախմբված պայքարն է, ինչը նաեւ տարբեր երկրների խորհրդարանների համակարգված աշխատանք է պահանջում:

Ալեն Սիմոնյանը ելույթը սկսել է Ինդոնեզիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փուան Մահարանիին ուղղված շնորհակալական խոսքով:

Ելույթում ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային գործընթացներում կլիմայի փոփոխության կողմնակի ազդեցությանը: Նա գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանն ակտիվ միջոցներ է ձեռնարկում կլիմայափոխության եւ մարդածին աղետների դեմ ուղղված  միջազգային հանրության ջանքերին նպաստելու ուղղությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանն ընդունել է Կլիմայափոխության գործողությունների ազգային հարմարվողականության ծրագիր, ինչը խորացնում է  համագործակցությունը ոլորտային նախաձեռնությունների միջեւ: Ներկայացնելով  կլիմայական խնդիրների հայաստանյան առանձնահատկությունները՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ միջազգային մի շարք համաձայնագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է 2021-2030թթ. համար նախատեսված ներդրումների ծրագիրը, ինչը նպաստելու  է  արտանետումների մակարդակի  նվազեցմանը եւ կանաչ գոտիների աճին:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը  խթանում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում վերականգնվող էներգիայի ավելացման քաղաքականությունը՝ հավելելով, որ իրականացվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ:

Հաշվի առնելով համաշխարհային բնապահպանական մարտահրավերները եւ դրանց անշրջելի ազդեցությունը կլիմայի վրա՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է տվյալ հարցում  մեր պետության համագործակցային պատրաստակամությունն անդամ բոլոր պետությունների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների հետ:

Եզրափակելով ելույթը՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ  խորհրդարանները պատասխանատու են կոնվենցիաների եւ համաձայնագրերի, ինչպես նաեւ ազգային օրենսդրության բարեփոխումների  հարցերում, եւ ՀՀ Ազգային ժողովը պատշաճ վերահսկում է այս գործընթացները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել