ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
17:22 - 23 մարտի, 2022

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակն ու խնդիրները` նշելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն այս պահին լրջագույն անվտանգության խնդիրներ ունեն: Հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը, ագրեսիան եւ Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը դեռեւս նախորդ տարի երկու ուղղությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ շարունակում են մնալ այնտեղ:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին եւ դրա շուրջ ընթացող գործընթացներին` Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ օրեր առաջ Արցախում ադրբեջանական կողմից պայթեցրել են գազատարը` շուրջ 100 հազար արցախցիներին կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ: Սրան գումարվում են նաեւ բնակիչներին ուղղված տարատեսակ սպառնալիքները` լքելու գյուղերը: 

Ինչպես նշված է ԱԺ հաղորդագրությունում, դեսպանը հետաքրքրվել է իշխանությունների հետ ընդդիմության հարաբերություններով, ընդդիմության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու չառաջադրելու, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցերով, հայ-թուրքական հարբերություններով եւ այլն: Իր հերթին դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները, կարեւորել խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումները: Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին` Անն Լույոն հավաստիացրել է, որ Ֆրանսիան իր դիրքորոշումները պահպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որպեսզի կարողանա օգնել երկու կողմերին` հաստատելու խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել