2022 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կողմից մշտադիտարկվել են 1076 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 58 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին: Այս մասին հաղորդում է ՊՎԾ մամուլի ծառայությունը։
ՊՎԾ-ի փոխանցմամբ՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գնումների գործընթացը հիմնվում է պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման սկզբունքների վրա», իսկ 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գնման առարկայի բնութագրերը` պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար, պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը»:
Միաժամանակ՝ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշման 22-րդ կետով սահմանված է նաև՝ «Գնման առարկայի բնութագրերը սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ և արտադրողներ...»:
Զուգահեռ իրականացվել է նաև 2021-2022թթ. ընթացքում հանրային գնումների մշտադիտարկում հանրային գնումների մասնակցության իրավունքից զրկված տնտեսվարողների կողմից կնքված պայմանագրերի բացահայտման նպատակով: Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում համապատասխան մարմինների տրվել են կնքված պայմանագրերի լուծման և պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ, որոնք ընդունվել և սահմանված կարգով ընթացք են տրվել, այդ մասին ծանուցելով Ծառայությանը:
comment.count (0)