Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝  Հենրիկ Աբրահամյանը, զենքի գործով դատապարտվել է ազատազրկման և համաներմամբ ազատվել պատժից |hetq.am|
17:19 - 25 ապրիլի, 2022

Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, զենքի գործով դատապարտվել է ազատազրկման և համաներմամբ ազատվել պատժից |hetq.am|

hetq.am: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ («Ջոնիկ») Աբրահամյանը, մեկ ամիս առաջ զենք-ռազմամթերքի գործով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ու Աբրահամյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից: Նույն պատիժն է նշանակվել նաև գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Ամբիկ Գևորգյանի նկատմամբ: Վերջինս, ըստ գործի նյութերի, Աբրահամյանների մտերիմն է, «Մխչյան Ֆիշ» ընկերության տնօրենը: Ամբիկ Գևորգյանի նկատմամբ նույնպես համաներում է կիրառվել ու ազատվել է պատժից: Դատարանը Հենրիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին վերագրվող մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հոդվածը՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասը,  վերաորակել է ավելի մեղմ հոդվածի՝ 235-րդ հոդվածի 1-ին մասի. դատարանի գնահատմամբ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չեն գործել:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզում՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է դատավճիռը, որում առկա են հետաքրքիր մանրամասներ՝ զենք-զինամթերքի հայտնաբերման, Ամբիկ Աբրահամյանի տված ցուցմունքների, վերջինիս և Հենրիկ Աբրահամյանի միջև հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ:

2018 թվականի օգոստոսին քրեական գործ է հարուցվել Ամբիկ Անդրանիկի Գևորգյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և իր անվամբ ձևակերպված Մխչյանի նախկին մեխանիկավերանորոգման գործարանում պահելու դեպքի առթիվ, որը օգոստոսի 7-ին Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել: Նույն օրը Ամբիկ Գևորգյանը ձերբակալվել է: Հաջորդ օրը ձերբակալվել է նաև Հենրիկ Աբրայամյանը: Ամբիկ Գևորգյանը օգոստոսի 9-ին ազատ է արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Վարույթ իրականացնող մարմինը 2018 թվականի օգոստոսի 10-ին որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Հենրիկ Աբրահամյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար: Ըստ մեղադրանքի՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հենրիկ Աբրահամյանը նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով, «Զենքի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ձեռք է բերել և նույն մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Անդրանիկի Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող գործարանային արտադրության՝ 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5,45 մմ տրամաչափի երեք հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին , 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող, ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018 թվականի օգոստոսի 06-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:

Օգոստոսի 11-ին Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել է, ապա նրա կալանավորման ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 1-ը: Հետագայում՝ գործի նախաքննության ընթացքում, Աբրահամյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Վարույթն իրականացնող մարմինը 2018 թվականի օգոստոսի 13-ին որոշում է կայացրել Ամբիկ Գևորգյանին ևս Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելու համար: Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Աբրահամյանի կողմից անհայտ աղբյուրից ձեռք բերված հրազենն ու ռազմամթերքը 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին, քննությամբ չպարզված օրը Ամբիկ Գևորգյանը Աբրահամյան հետ նախնական համաձայնությամբ փաթեթավորել են, բեռնել Ամբիկ Գևորգյանի ավտոմեքենան, որից հետո Գևորգյանը դրանք տեղափոխել և ապօրինի կերպով պահել է Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում:

Ամբաստանյալ Հենրիկ Աբրահամյանը նախաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ դիրքորոշում չի հայտնել, իսկ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է մեղադրանքի և գործի այլ հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալուց։

Ամբաստանյալ Ամբիկ Գևորգյանը դատաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն կասկածյալի կարգավիճակում տվել է ցուցմունքներ ու մանրամասներ հայտնել զենքի ենթադրյալ ձեռքբերման և պահելու հանգամանքների վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում Ամբիկ Գևորգյանի տված ցուցմունքները

Դատավճռում առկա տվյալների համաձայն՝ Ամբիկ Գևորգյանը 2018 թվականի օգոստոսի 7-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ 2002 կամ 2003 թվականին ընդունվել է աշխատանքի «Ոռոգում-Ջրառ» ՓԲ ընկերությունում և նշանակվել Մխչյանի վերանորոգման տեղամասի պետի պաշտոնում։

2004 թվականին հիշյալ ընկերությունը և Արարատի մարզի Մխչյան գյուղում  գտնվող մեխանիկա-վերանորոգման գործարանը դրվել է աճուրդ-վաճառքի։ Դրանից հետո, իր մտերիմ Հովիկ Աբրահամյանն իրեն գումար է տվել և ասել, որ մասնակցի աճուրդին՝ գնի նշված ընկերությունը և դրա հաշվեկշռում գտնվող նշված գործարանը։ Աճուրդում հաղթող ճանաչվելուց հետո նշված ընկերությունը և գործարանը ձևակերպվել է իր անվամբ՝ թեև փաստացի այն պատկանել է Հովիկ Աբրահամյանին։ Գործարանի կողպեքների բանալիները գտնվել են իր մոտ և առանց իր գիտության ոչ ոք գործարան չի մտել։ Գործարանը գնման օրվանից չի գործել, սակայն տարածքը հսկվել է երկու պահակների՝ Վահրամ Աբրահամյանի և Սիմոն Ոսկանյանի կողմից։ Դեռևս մանուկ հասակից ճանաչել է Հովիկ Աբրահամյանի երկու եղբայրներին՝ Հենրիկ և Ռաֆիկ Աբրահամյաններին, որոնց հետ մտերիմ է։ 2010 թվականից աշխատել է «Մխչյան Ֆիշ» ձկնաբուծական ընկերությունում՝ որպես տնօրեն։

2018 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում իրեն տեղեկացրել են, որ սեփականության իրավունքով իր անվամբ ձևակերպված, սակայն փաստացի իրեն չպատկանող Մխչյանի նախկին մեխանիկա/վերանորոգման գործարան են եկել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և խուզարկություն կատարելու համար խնդրել են գնալ գործարան։ Անմիջապես գնացել է գործարան, որտեղ իրեն ծանոթացրել են դատարանի որոշմանը և իր մասնակցությամբ կատարված խուզարկության ընթացքում որպես պահեստ օգտագործվող քարե շինությունում, պեռլիտի կույտի մեջ հայտնաբերել են որոշակի քանակությամբ զենք ու զինամթերք: Այդ զենքերի գոյության մասին չի իմացել, դրանք իրեն չեն պատկանում և չգիտի, թե ով է դրա իսկական սեփականատերը:

2018 թվականի օգոստոսի 07-ի՝ կասկածյալի լրացուցիչ հարցաքննության արձանագրության համաձայն, Ամբիկ Գևորգյանը, ընթերցելով քննիչի կողմից ներկայացված նախորդ հարցաքննության արձանագրությունը, հայտնել է, որ այդ ցուցմունքով ասել է այն ամենը, ինչ հայտնի է իրեն և պատրաստ է պատասխանելու հարցերին։

Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2004 թվականին Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանն իր անվամբ ձևակերպելուց հետո, թեև այն գնման օրվանից չի գործել և գտնվել է փակ վիճակում, սակայն ինքը տիրություն է արել, գողություններից խուսափելու համար սահմանվել է քսանչորսժամյա պահակային ծառայություն, որոնց վարձատրությունն իրականացրել է Հենրիկ Աբրահամյանը, որի հետ գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ և բացի այդ, 2010 թվականից հանդիսացել է նրան պատկանող «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ի տնօրենը։

Քննիչը կասկածյալ Ամբիկ Գևորգյանին է ներկայացրել օգոստոսի 6-ին վերջինիս և Հենրիկ Աբրահամյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, խնդրել դրամք ունկնդրել և տալ իրատեսական ցուցմունք ձայնագրություններում առկա հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ։

Գևորգյանը, պատասխանելով քննիչի հարցին, ցուցմունք է տվել այն մասին, որ լսելով իր և Հենրիկ Աբրահամյանի միջև նախորդ օրը՝ խուզարկությունից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած երեք հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները և հասկանալով, որ կան անհերքելի փաստեր, որոնք չընդունելը անհեթեթություն կլինի իր կողմից՝ ցանկանում է հայտնել ողջ իրականությունը։

Գևորգյանը պատմել է, որ 2018 թվականի փետրվարի վերջերին կամ մարտի սկզբին, կոնկրետ օրը չի հիշում, ժամը 22-ի սահմաններում իրեն է  զանգահարել Հենրիկ Աբրահամյանը և խնդրել շուտ մոտենալ Մխչյան գյուղում գտնվող, նրանց պատկանող «Արտաշատ Վինկո» գինու գործարանին կից գտնվող հացատանը, որը «Ֆազենդա» են անվանում։ Մոտենալով նշված հացատանը՝ նկատել է, որ Ջոնիկը (Հենրիկ Աբրահամյանը, հեղ.) մենակ էր, իսկ սեղանին դրված էին մեծ քանակությամբ զենքեր ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ջոնիկն ասել է, որ հարկավոր է զենքերը քսայուղել (տաուտ քսել) փաթեթավորել և թաքցնել իր անվամբ ձևակերպված Մխչյանի մեխանիկա-վերանորոգման գործարանում։

Ջոնիկին չի հարցրել, թե դրանք ինչ զենքեր են և որտեղից։ Քսայուղել են զենքերի երկաթյա մասերը, առանձին-առանձին փաթեթավորել են բիազե կտորով, որից հետո փաթեթավորված զենքերը և տոպրակներում լցված փամփուշտները տեղավորել են իրեն պատկանող «Տոյոտա Լանդ Կրաուզեր»  մակնիշի ավտոմեքենայի մեջ, և ինքը միայնակ գնացել է գործարան, մեքենան մոտեցրել է պահեստին, որից հետո մեքենայի մեջ առկա զենք-զինամթերքը միայնակ մեքենայից տեղափոխել է պահեստ։

Այնուհետև միայնակ քանդել է պահեստի հատակի շիբինե հատվածը, անհրաժեշտ խորությամբ փոս սարքել, որից հետո զենքերն ու փամփուշտները լցրել է փոսի մեջ և նույն շիբինով ծածկել:

Հաջորդ օրը հանդիպել է Ջոնիկին ու ասել զենքերը պահելու կոնկրետ տեղը։ Դրանից հետո, երբ երկրում սկսվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի որոնումներ, մտավախություն ունենալով՝ Ջոնիկին խնդրել է զենքերը գործարանից տեղափոխել ու թեև վերջինս խոստացել էր՝ դրանք չեն տեղափոխվել։

2018 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ձկնաբուծարանում գտնվելու ժամանակ զանգ է ստացել, զանգողը ներկայացել է որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից և խնդրել է գնալ գործարան։ Անմիջապես զանգահարել է Ջոնիկին, գնացել է նրա մոտ՝ գինու գործարան և հայտնել, որ ԱԱԾ-ից եկել են և ցանկանում են խուզարկություն կատարել գործարանում։ Ջոնիկը, վստահ լինելով, որ զենքերը թաքցրած տեղից չեն գտնի, կարգադրել է գնալ գործարան։ Երբ հասել է գործարան, ԱԱԾ աշխատակիցներն իրեն ծանոթացրել են խուզարկություն կատարելու մասին դատարանի որոշմանը և ընթերակաների ներկայությամբ սկսել խուզարկությունը։ Տեսնելով, որ խուզարկությանը մասնակցում են նաև ականազերծողներ, ովքեր հատուկ սարքերով ստուգել են տարածքը, առանձնացել և Հենրիկին հեռախոսազանգով հայտնել է այդ մասին։ Վերջինիս այն հարցին, թե հնարավոր է զենքերը գտնեն, պատասխանել է, որ հաստատ կգտնեն։ Հենրիկն, այդ լսելով, ասել է, որ հարմար պահ գտնի, զենքերը դուրս բերի, պատից՝ պարսպից այն կողմ նետի: Ինքը պատասխանել է, որ դա հնարավոր չէ, որից հետո Հենրիկն ասել է, որ դա «վառած գործ է» և ավելացրել է, որ ինքն ասի, թե այդ զենքերից տեղյակ չէ, այդպես է ընդունել գործարանն ու որևէ մեկը գործարան չի մտել։ Քիչ անց խուզարկություն է կատարվել պահեստում և շիբինե հատակի միջից հայտնաբերվել են թաքցված զենքերն ու փամփուշտները։ Գրեթե նույն պահին իրեն զանգել է Հենրիկ Աբրահամյանը ՝ ձկներին կերակրելու պատրվակով և կրկին կարգադրել է և ասել, որ ինքը տեղյակ չէ զենքերից։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել են Հենրիկ Աբրահամյանի կարգադրությամբ իր կողմից թաքցված ամբողջ զենքերն ու փամփուշտներ:

2018 թվականի օգոստոսի 8-ին կասկածյալներ Ամբիկ Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի  ընթացքում Ամբիկ Գևորգյանն, ըստ էության, պնդել է նախորդ ցուցմունքը, մինչդեռ Հենրիկ Աբրահամյանը հայտնել է, որ Գևորգյանի ցուցմունքը սուտ է, չի համապատասխանում իրականությանը։

2018 թվականի օգոստոսի 13-ին Ամբիկ Գևորգյանը պաշտպանի ներկայությամբ արդեն որպես մեղադրյալ է հարցաքննվել: Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ զենքն ու զինամթերքն իրեն չի պատկանել և չի պատկանում, ինքը միայն ինչ-որ կերպ օգնել, աջակցել է իր ղեկավար Հենրիկ Աբրահամյանին, կատարել նրա խնդրանքը և այդ արարքում է իրեն մեղավոր ճանաչում։ Ինքը չի հասկացել և չի գիտակցել արարքի հետևանքները, պարզապես առանց մտածելու կատարել է նրա խնդրանքը։ Երբևէ չի իմացել այդ զենքերի օրինական կամ անօրինական լինելու մասին և ավելի շատ կարծել է, որ դրանք պետք է օրինական լինեին, հակառակ դեպքում նման կերպ չէր վարվի։ Վերը նշված պատճառաբանություններով էլ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։

2018 թվականի սեպտեմբերի 24-ին մեղադրյալ Ամբիկ Գևորգյանի լրացուցիչ հարցաքննության ընթացքում քննիչի գրավոր հարցադրմանն այն մասին, որ ստացված օպերատիվ տվյալների համաձայն Մխչյանի նախկին մեխանիկա- վերանորոգման գործարանից խուզարկությամբ հայտնաբերված զենք- զինամթերքները տեղափոխվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի Աճառյան փողոցի 15 հասցեից»՝ Ամբիկ Գևորգյանը հայտնել է, որ զենքերն ու փամփուշտները իրեն տվել է Հենրիկ Աբրահամյանը «Ֆազենդա» կոչվող տարածքում, որտեղից էլ արդեն միայնակ իր մեքենայով տեղափոխել է դրանք մեխանիկա վերանորոգման գործարան և թաքցրել պահեստում։

Քննիչի հաջորդ գրավոր հարցադրմանն այն մասին, որ «նույն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքով տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ զենք- զինամթերքների տեղափոխումը կազմակերպվել և իրականացվել է Հովիկ Աբրահամյանի թիկազորի պետ Բագրատունի Բարսեղյանի ղեկավարությամբ, որին մասնակցել են նաև մի խումբ այլ անձինք», Ամբիկ Գևորգյանը կրկին պնդել է, որ իրեն «Ֆազենդա» կոչվող տարածք է կանչել Հենրիկ Աբրահամյանը, ով ցույց է տվել զենքերը և կարգադրել դրանք տեղափոխել գործարան, որն էլ ինքը կատարել է։ Թե նշված զենքերը որտեղից են ձեռք բերվել, որտեղից են տեղափոխվել «Ֆազենդա» կամ ովքեր են կանգնած եղել նշված զենքերի տեղափոխման և պահելու մեջ՝ իրեն հայտնի չէ։

Ամբիկ Գևորգյանի՝ դատարանում տված ցուցմունքը

Երբ դատարանում գործի քննության ընթացքում Ամբիկ Գևորգյանը հայտնել է, որ չի ցանկանում ցուցմունք տալ, հրապարակվել են նրա՝ արդեն իսկ վերը նշված ցուցմունքները, որից հետո Գևորգյանը հայտնել է, որ թեև ի սկզբանե ասել է, որ չի ցանկանում ցուցմունք տալ և հարցերին պատասխանել, սակայն նախաքննական բոլոր ցուցմունքները հրապարակվելուց հետո ցանկանում է օգտվել ցուցմունք տալու իր իրավունքից՝ ներկայացնելով այն եղելությունը, թե ինչու է տվել նմանատիպ հակասական ցուցմունքներ:

Գևորգյանը հայտնել է, որ երբ Մխչյան գյուղի նախկին մեխանիկական գործարանի տարածքում իր համար շատ անսպասելի հայտնաբերել են զենք ու զինամթերք, հայտարարել է, որ տեղյակ չի դրանց մասին։ Դրանից հետո, երբ իրեն ձերբակալել են, հաջորդ օրը՝ 07.08.2018թ. որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ նույնպես նշել է իրականությունը, որ հայտնաբերված զենքերից և զինամթերքից որևէ տեղեկություն չունի, դրանք իրեն չեն պատկանել:

Նույն օրը 07.08.2018թ.-ին ժամեր անց, երեկոյան կրկին քննիչի կողմից հարցաքննելու ժամանակ պնդել է իր նախորդ ցուցմունքը, այն է, որ որևէ տեղեկություն չունի հայտնաբերված զենքերից ու զինամթերքից, սակայն մի երկու հարց տալուց հետո, քննիչն իր համար միացրել է մի ձայնագրություն և ասել, որ իրեն ու Հենրիկ Աբրահամյանին գաղտնալսել են, ինքն ու Հենրիկ Աբրահամյանը խոսել են, որն իրենց համար ակնհայտ է, ու իրենք դիտարկում են, որ զենքի մասին են խոսում, դրանք մարտի 1-ի հետ կապված զենքեր են՝ դրանցով մարդ են սպանել ու խոստովանական ցուցմունք տալը, որ այդ զենքերը իրեն են՝ կարող է հիմք հանդիսանալ ձերբակալումից ազատելու համար: Քանի որ ինքը մի անգամ ակնհայտ անմեղ տեղը դատապարտվել էր ու 10 տարի պատիժ կրել, հետո՝ արդարացվել, մտածել է, որ ավելի լավ է այդ ձայնագրության բովանդակությունը վերագրի զենքերին և այդ կերպ կարողանա ազատվել ձերբակալումից:

Մինչդեռ ցանկանում է շեշտել, որ իրականում իր և Հենրիկ Աբրահամյանի խոսակցության բովանդակությունն այլ բանի էր վերաբերում, և եթե լիներ իրենց հեռախոսային խոսակցության ամբողջ բովանդակությունը, ապա թե՛ դատարանը, թե՛ մեղադրողը կհամոզվեին դրանում: Բոլոր դեպքերում, թեև արդեն իսկ իր համար պարզ է, որ իր և Հենրիկ Աբրահամյանի հեռախոսային խոսակցությունները ձայնագրվել են ապօրինի, այնուհանդերձ, եթե իրենց խոսակցության ամբողջ ձայնագրությունը կամ ամբողջ տեքստը լիներ, ապա կհամոզվեին, որ այն ունի այլ բովանդակություն: Գևորգյանը հարկ է համարել նաև նշել, որ եթե քննիչի կողմից իրեն չներկայացվեր այդ, առանց օրինական հիմքերի կատարված իր և Հենրիկ Աբրահամյանի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրության մի հատվածը, և դրան չհետևեր քննիչի հարցը այդ ձայնագրության վերաբերյալ, ապա կպնդեր նախկինում իր տված այն ցուցմունքը, որ հայտնաբերված զենք զինամթերքի հետ որևէ կապ չունի և դրանք տեսնում է առաջին անգամ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ քննիչի կողմից ներկայացված այդ ապօրինի ձայնագրությունը լսելուց և այդ ձայնագրության վերաբերյալ տրված հարցին պատասխանել է այն ցուցմունքի տեսքով, որը հրապարակվեց։ Դրանից հետո, քանի որ խոսք էր տվել պնդել այդ ցուցմունքը նաև Հ. Աբրահամյանին առերես, այն պնդել է և ազատ արձակվել ձերբակալումից: Թեև հետագայում կարող էր հրաժարվել այդ ցուցմունքից, կամ ընդհանրապես ցուցմունք չտալ, սակայն հաշվի առնելով իր տված խոստումը և վախը, որ կարող է կրկին ձերբակալվել, պնդել է այդ ցուցմունքը:

Գևորգյանը հայտնել է նաև, որ ինքը քաջատեղյակ էր, որ Հենրիկ Աբրահամյանը որսորդ է և ունի օրինական գրանցված շատ զենքեր և եթե մտովի պատկերացնեն, որ այդ զենքերը կարող էին նրանը լինել, ապա ինքը չէր կարող պատկերացնել, որ դրանք ապօրինի զենքեր են: Այնուհանդերձ, կրկին պնդում է, որ հայտնաբերված զենքերից որևէ տեղեկություն չի ունեցել:

Օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքներն անթույլատրելի են ճանաչվել

Նշենք, որ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացության մեջ քրեական հետապնդում իրականացնող մարմինը որպես մեղադրյալներ Հովիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ նշել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հուլիսի 25-ի որոշումների հիմքով իրականացված, նույն դատարանի 2018 թվականի օգոստոսի 7-ի որոշումներով գաղտնազերծված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված՝ Ամբիկ Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի կողմից օգտագործված հեռախոսահամարներից կատարված զանգերի ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակները և դրանց զննության արձանագրությունը։

Մինչդեռ, Վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի մայիսի 27-ին կայացրած որոշումներով բավարարել է մեղադրյալ Ամբիկ Գևորգյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի և մեղադրյալ Հենրիկ Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքները, բեկանել և փոփոխել է նշված մեղադրյալների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ որոշումները բավարարելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թվականի հուլիսի 25-ի որոշումները և մերժել ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետի  2018 թվականի հուլիսի 25-ին հարուցած միջնորդությունները՝ երկու ամիս ժամանակով Ամբիկ Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի կողմից օգտագործվո  բջջային հեռախոսահամարներով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում», «արտաքին դիտում և ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելը թույլատրելու մասին։ Վճռաբեկ դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումներով մերժվել են մեղադրյալներ Ամբիկ Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի 2020 թվականի մայիսի 27-ի որոշումների դեմ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը։

Ամբիկ Գևորգյանն իր՝ դատարանում տված ցուցմունքում հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունն ապօրինի է անվանում՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով հենց այն հանգամանքը:

Հատկանշական է, որ գործի քննության ընթացքում դատախազը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ թեև Վերաքննիչ դատարանը մերժվել է ՕՀՄ իրականացնելու միջնորդությունը՝ բայց ներքին համոզմունք ձևավորելու տեսանկյունից գործով հավաքված մյուս ապացույցների համատեքստում էական նշանակություն ունեն Աբրահամյանի և  կողմից օգտագործված հեռախոսահամարներից կատարված զանգերի ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակները և դրանց զննության արձանագրությունը, քանի որ դրանցով հաստատվում է նրանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հանգամանքը:

Դատարանը, սակայն, հիմնազուրկ է համարել դատախազի այս դիրքորոշումը և նշել, որ ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում:

Շարունակությունը՝ hetq.am-ում

Լուսանկարում՝ Հենրիկ Աբրահամյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել