factor.am: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի (հայտնի է Ջոնիկ մականունով) և նրա հետ դատապարտված Ամբիկ Գևորգյանի դատավճռի դեմ պաշտպանական և մեղադրող կողմի բողոքները։
Ըստ այդմ՝ Հենիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին զենք-զինամթերքի գործով ազատազրկման դատապարտելու և համաներում կիրառելու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Հենրիկ Աբրահամյանն ու վերջինիս հետ մտերիմ հարաբերություններ ունեցող «Մխչյան Ֆիշ» ընկերության տնօրեն Ամբիկ Գևորգյանը 2022 թվականի մարտին զենք-ռազմամթերքի գործով մեղավոր էին ճանաչվել ու դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ համաներում էր կիրառվել, ու, փաստացի, ազատվել էին ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից։ Դատարանն ամբաստանյալներին վերագրվող առավել ծանր արարքը վերաորակել էր մեղմ հոդվածով։
Մասնավորապես՝ Հենրիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին վերագրվող մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հոդվածը՝ նախկին Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասը, վերաորակել էր 235-րդ հոդվածի 1-ին մասի. դատարանի գնահատմամբ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չեն գործել: Այսպես՝ 2018 թվականի օգոստոսին քրեական գործ է հարուցվել Ամբիկ Գևորգյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և իր անվամբ ձևակերպված Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում պահելու դեպքի առթիվ։ Օգոստոսի 7-ին Ամբիկ Գևորգյանը ձերբակալվել է:
Հաջորդ օրը ձերբակալվել է նաև Հենրիկ Աբրայամյանը: Ամբիկ Գևորգյանը օգոստոսի 9-ին ազատ է արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վարույթ իրականացնող մարմինը 2018 թվականի օգոստոսի 10-ին որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Հենրիկ Աբրահամյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Աբրահամյանը նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող գործարանային արտադրության՝ 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5,45 մմ տրամաչափի երեք հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող, ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018 թվականի օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ: Օգոստոսի 11-ին Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել է, ապա նրա կալանավորման ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 1-ը: Հետագայում՝ գործի նախաքննության ընթացքում, Աբրահամյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Վարույթն իրականացնող մարմինը 2018 թվականի օգոստոսի 13-ին որոշում է կայացրել Ամբիկ Գևորգյանին ևս նախկին Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Աբրահամյանի կողմից անհայտ աղբյուրից ձեռք բերված հրազենն ու ռազմամթերքը 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին, քննությամբ չպարզված օրը Ամբիկ Գևորգյանը Աբրահամյան հետ նախնական համաձայնությամբ փաթեթավորել են, բեռնել Ամբիկ Գևորգյանի ավտոմեքենան, որից հետո Գևորգյանը դրանք տեղափոխել և ապօրինի կերպով պահել է Հովիկ Աբրահամյանին պատկանող, Մխչյան գյուղի մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում:
Հենրիկ Աբրահամյանը նախաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ դիրքորոշում չի հայտնել, իսկ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է մեղադրանքի և գործի այլ հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալուց։
Ամբիկ Գևորգյանը դատաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն կասկածյալի կարգավիճակում տվել է ցուցմունքներ ու մանրամասներ հայտնել զենքի ենթադրյալ ձեռքբերման և պահելու հանգամանքների վերաբերյալ:
Շարունակությունը՝ factor.am-ում
comment.count (0)