Արամ Հարությունյանը բռնությունն արդարացնելու կոչեր չի արել․ արդարացման դատավճիռն ուժի մեջ է մտել |hetq.am|
10:43 - 26 ապրիլի, 2022

Արամ Հարությունյանը բռնությունն արդարացնելու կոչեր չի արել․ արդարացման դատավճիռն ուժի մեջ է մտել |hetq.am|

Գլխավոր նկարը՝ «Ֆոտոլուր» գործակալության

hetq.am: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի գործով գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի վճռաբեկ բողոքը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը մեղադրվում էր բռնության կոչերը, բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով։ Այս հոդվածը քրեական օրենսգրքում լրացվել է 2020 թվականի ապրիլին: 

Ըստ մեղադրանքի՝ Արամ Հարությունյանը Youtubе կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տևողությամբ տեսանյութում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, մասնավորապես՝ տեսաուղերձի ընթացքում նշել է «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդինն ա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ, քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի, էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախա ա կորցրել, մարդ կա՝ ընտանիքը, տունն ա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդու ձեռքը բռնել․ եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։

Արամ Հարությունյանը դատարանում հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որ իր ելույթն, ըստ էության, եղել է մտահոգություն՝ կապված երկրի ապագայի, անվտանգության և, իհարկե, կոնկրետ վարչապետի վերաբերյալ, որ ելույթի նպատակը եղել է այն, որ վարչապետը հրաժարական տա, և դրանում ոչ թե արդարացրել է բռնությունը, այլ փորձել է կանխել այն: Հարությունյանը հայտնել է նաև, որ ելույթում ինքը հանդես է եկել՝ որպես քաղաքական գործիչ, ինչպես նաև իր ելույթի շարժառիթները քաղաքական են եղել:

Դատավոր Դավիթ Բալայանը, քննելով Հարությունյանի վերաբերյալ գործը, վերջինիս արդարացրել է: Այս դատավճիռը 226.2 հոդվածով առաջին դատական ակտն է եղել: Դատավորը, հիմք ընդունելով վերը շարադրված միջազգային փաստաթղթերում առկա իրավական դիրքորոշումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, դրանք համադրելով Արամ Հարությունյանի գործի փաստական հանգամանքների հետ՝ եզրահանգել է, որ Արամ Հարությունյանի ելույթը, իր ամբողջության մեջ, չի կարող համարվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, և որպես այդպիսին՝ նաև ատելության խոսք: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն փաստով, որ Արամ Հարությունյանը ելույթ է ունեցել որպես քաղաքական դերակատար և ընդդիմադիր քաղաքական կուսակցության նախագահ՝ ներկայացնելով իր կուսակցության հայացքները՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հանրային նշանակության քաղաքական հարցերի վերաբերյալ, հետևաբար գտնվել է ազատ խոսքի պաշտպանության ներքո, և Հարությունյանին արդարացրել է՝ նրան վերագրվող արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել