Ինչպե՞ս Հանրայինի բազմանդամ, բայց բազմազբաղ անձնակազմը չհասցրեց պատշաճ լուսաբանել այս տարվա ջահերով երթը |fip.am|
19:44 - 26 ապրիլի, 2022

Ինչպե՞ս Հանրայինի բազմանդամ, բայց բազմազբաղ անձնակազմը չհասցրեց պատշաճ լուսաբանել այս տարվա ջահերով երթը |fip.am|

fip.am: Վերջին տասնամյակներին ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին Երևանում ջահերով երթ է կազմակերպվում դեպի Ծիծեռնակաբերդ։ Երթին մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Այս տարվա ջահերով երթը, սակայն, մի քանի առանձնահատկություն ուներ։ Նախ, ներկայիս ընդդիմությունը այն ներկայացրեց ներքաղաքական գործընթացի համատեքստում, անգամ երթի ավարտին Ծիծեռնակաբերդում ներքաղաքական բովանդակությամբ ելույթ ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Մեկ այլ առանձնահատկություն էլ այն էր, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի»  թողարկումներում այդպես էլ անդրադարձ չեղավ այս մասշտաբային միջոցառմանը՝ ո՛չ այդ օրը՝ ապրիլի 23-ին, ո՛չ դրա հաջորդ օրը։ 

Հաշվի առնելով այն փաստը, որ միջոցառումն իրապես մասշտաբային էր, ինչպես նաև այն, որ Հանրայինը լուսաբանել էր նախորդ տարիների ջահերով երթերը, փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւ այս տարի այդպես էլ անդրադարձ չեղավ միջոցառմանը։ 

Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման՝ Հանրային հեռուստաընկերությունից հայտնեցին, որ ջահերով երթը չի լուսաբանվել լրագրողների սակավության պատճառով։

«Ձեր կողմից հիշատակված երթին անդրադարձ չի եղել մարդկային ռեսուրսի սակավության պատճառով, քանի որ հանգստյան օրը (ապրիլի 23) լրատվական ծառայությունն աշխատում է մասնակի ծանրաբեռնվածությամբ»,- ասված է մեզ տրամադրված պատասխանում։

Շաբաթներ առաջ մեկ այլ հարցմամբ ստացված տեղեկատվության համաձայն, Հանրայինի լրատվական ծառայությունում աշխատում է 24 լրագրող։ Ապրիլի 23-ին «Լուրերի» գլխավոր թողարկմանը պատրաստվել էր 11 ռեպորտաժ և/կամ հաղորդում, որոնցից երկուսի հեղինակը նույն լրագրողն էր։ Այսինքն, 24 լրագրողից միայն 10 լրագրողի աշխատանքն է տեղ գտել «Լուրերի» գլխավոր թողարկման մեջ։ 

2019 թվականին Հանայինն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել էր ջահերով երթը։ 2020-ին, համավարակով պայմանավորված, Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները սահմանափակվել էին։

Արդեն անցյալ տարի՝ 2021-ին, ապրիլի 23-ի «Լուրերի» գլխավոր թողարկման մեջ ջահերով երթի վերաբերյալ առանձին ռեպորտաժ չկար, սակայն մեկնաբանը նախ հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում հնչելու է Մոցարտի «Ռեքվիեմը», այնուհետև տեսաշարի ուղեկցությամբ տեղեկացրեց, որ Երևանում անցկացվում է ամենամյա ջահերով երթը։

 

Առավել մանրամասն՝ Fip.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել