Վալենտինա Մատվիենկոն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:20 - 06 հունիսի, 2025

Վալենտինա Մատվիենկոն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Նշվում է, որ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մատվիենկոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս աշխատանքային այցով Հայաստանում էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որն այցելել էր «Հաղթանակ» զբոսայգի՝ Երկրորդ համաշխարհային  պատերազմում հաղթանակի առթիվ, իսկ Ծիծեռնակաբերդ ՌԴ ԱԳ նախարարի անունից  ծաղկեպսակ էր ուղարկվել։

Սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հերքել էր  լուրը՝ նշելով, որ աշխատանքային այցերի պարագայում ծրագրում նմանատիպ բաղադրիչների ներառումն իրականացվում է այցելող կողմի նախաձեռնությամբ, իսկ հայկական կողմն ապահովել է այցի ծրագրի նշյալ բաղադրիչների բոլոր անհրաժեշտ արարողակարգային, նախապատրաստական աշխատանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել