Դպրոցներում կներդրվի մասնագիտական կողմնորոշման դասընթաց |hetq.am|
16:16 - 23 մայիսի, 2022

Դպրոցներում կներդրվի մասնագիտական կողմնորոշման դասընթաց |hetq.am|

hetq.am: Այս տարի ամենապահանջված բուհական մասնագիտությունները հինգն են՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ», ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», ԵՊՀ-ի «Իրավագիտություն», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ», այս մասին մայիսի 19-ին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։ 

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմոնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավար Հայկուհի Գևորգյանն անդրադարձան պահանջված եւ չպահանջված մասնագիտություններին, ինչպես նաեւ աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող հարցերին։

Հայկուհի Գեւորգյանը ԳԹԿ-ի ներկայացրած տվյալների վերաբերյալ ասաց, որ համեմատելով անցած տարիների ցուցանիշներին՝ կարող են ասել, որ պատկերը գրեթե անփոփոխ է, սակայն մասնագիտության ընտրության սկզբունքն է տարբեր։ 

Նախկինում դիմորդներն ընտրում էին առարկաներ, քննությունների հիման վրա ընդունվում բուհի այս կամ այն բաժիը, իսկ վերջին երկու տարվա ընթացքում դիմորդը կոնկրետ մասնագիտություն է ընտրում եւ միայն այդ առարկայի համար էլ հանձնում է քննությունները։

Անդրադառնալով աշխատաշուկայի պահանջներին, Գեւորգյանն ասաց, որ դիմորդների տեսանկյունից բժշկական մասնագիտություն ընտրածների թվաքանակը շատ է, սակայն մասնագետների պահանջարկն ավելի մեծ է մարզերում, իսկ Երեւանում հետագայում աշխատանքի տեղավորման հարց կառաջանա։ Նրա խոսքով՝ բժշկական ոլորտի բոլոր մասնագիտությունների համար պահանջարկ կա մարզերում, ինչը վերաբերում է նաեւ միջին մասնագիտական ուսհաստատություններին։

Անդրադառնալով երկրորդ՝ ամենաշատ դիմորդներ ունեցող մասնագիտությանը՝ «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա», նշեց, որ պարզ չէ, թե որ ուղղությունն են ընտրել դիմորդները հետագայում աշխատանք գտնելու համար։

Ըստ Գեւորգյանի՝ գրավիչ են դարձել միջին մասնագիտական եւ արհեստագործական մասնագիտությունները, եւ աշակերտների ընտրությունը դեպի միջին մասնագիտական եւ արհեստագործական ոլորտներ, փոխվել է։ «Փոխվել է հասարակության պատկերացումներն աշխատաշուկայի, կրթության  եւ մասնագիտությունների նկատմամբ,- ասաց «Մասնագիտական կողմոնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավարը,- հասարակության մեջ դեռեւս կա այն կարծրատիպը, թե միջին մասնագիտական եւ արհեստագործական կենտրոնները ոչ գերազանցության կենտրոններ են, այսինքն եթե աշակերտը չի ունենում բավարար գիտելիքներ բուհերի համար, պիտի կրթությունը շարունակի քոլեջներում, ուսումնարաններում»։

Թեհմինե Կարախանյանը ներկայացրեց աշակերտների հետ տարվող աշխատանքները մասնագիտության ընտրության, կողմնորոշման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ թեեւ 2013թ.-ից կա համագործակցություն մասնագիտական կենտրոնների եւ ԿԳՄՍՆ-ի հետ, սակայն պետք է զարկ տալ մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ պարտադիր դասընթացների անցկացմանը դպրոցներում։

Նրա խոսքով՝ խմբակներից մեկը, որը պարտադիր կլինի սովորողների համար, կլինի մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, եւ պարտադիր կլինի 7,8-րդ դասարաններից սկսված մինչեւ 12-րդ դասարան։

Խմբակներում աշխատանքները պետք է իրականացնեն սոցմանկավարժները, հոգեբանները, ՄԿՈՒ տնօրենները, իսկ այն դպրոցներում որտեղ չկան մասնագետներ, տնօրինության որոշմամբ՝ կընտրվի մասնագետ։ 

Այս տարի ծրագիրը փորձնական ձեւով իրականացվել է Տավուշի մարզում՝ «Հանրակրթության պետական չափորոշչի» հետ համատեղ։ Այն հաջողությամբ իրականացվելու դեպքում՝ պարտադիր կդառնա հանրակրթական բոլոր դպրոցների համար։ 2023-24 թթ. ուստարում դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր։

Դասընթացը հնարավորություն կտա տեղեկացնել երեխային մասնագիտությունների, աշխատաշուկայի մրցակցային լինելու մասին։ Ծրագիրն իրականացվելու է ուստարվա ամբողջ ընթացքում՝ շաբաթական մեկ ժամով։ 

Գեւորգյանի խոսքով՝  ծրագրի շրջանակում արտադասարանական հանդիպումներ պետք  է իրականացվեն գործատուների, համայնքում հաջողած գործարարների հետ, հանդիպումներ կլինեն ծնողների հետ, որոնք կդառնան մենթոր երեխայի համար։

Գեւորգյանը կարեւորեց ՄԿՈւ-ներում կարիերայի կենտրոնների բացմանը, ասաց, որ 2021-2022 թթ. 96 հաստատությունների շրջանավարտների 40%-ը գտել է իր մասնագիտությամբ աշխատանք, որը բարձր ցուցանիշ է ՝ համեմատած նախորդ տարիների հետ։ «Բոլորիս համար պարզ է, եթե մասնագետը չգիտի՝ իրենից ինչ է պահանջում աշխատաշուկան, չի կարող լինել ավելի զինված հմտություններով եւ կարողություններով»։

Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձան պահանջված մասնագետների պակասին, Գեւորգյանը տեղեկացրեց, որ որակավորում ունեցող մասնագետների պակաս կա գյուղատնտեսական ոլորտում, ինչպես նաեւ մանկավարժական մասնագիտությունների ոլորտում

Ըստ նրա՝ մանկավարժների պահանջարկ լինելու է առաջիկա մի քանի տարիների ընթացքում, նշեց, որ Մանկավարժական համալսարանում այս տարվա դիմորդներից ֆիզիկա եւ քիմիա առարկաների համար կա մեկական դիմորդ։ Որպես լուծում՝ առաջարկում  է վերանայել նպատակային ուսուցման կարգը եւ պետական պատվերի իջեցման գործընթացը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել