Ծանոթ չեմ եղել «0038» հրամանին և ծանոթանալուց հետո պնդում եմ՝ ճիշտ հրաման էր. Ռոբերտ Քոչարյան
12:53 - 16 մայիսի, 2019

Ծանոթ չեմ եղել «0038» հրամանին և ծանոթանալուց հետո պնդում եմ՝ ճիշտ հրաման էր. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանի դահլիճում  իր ելույթի ընթացքում ներկայացրեց փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը տեղի ունեցած իրադարձությունները։

Նա մասնավորապես նշեց․ «Քանի որ ես ցուցմունք չեմ տվել, հիմա ուղղակի կներկայացնեմ այն, ինչ եղել է այդ շաբաթվա ընթացքում։ Ամբողջ քրեական գործը իրադարձությունների մասին է, որոնք ընթացել են փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը։ Ընտրություններից հետո անմիջապես 21,5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքն ընտրված թեկնածու է։ Իր իրավունքն է, կարող էր հայտարարել, բայց արդեն հայտարարվել էր շուրջօրյա հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, և ամսի 20-ին Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ինքը սյուրպրիզ ունի, վաղվա հանրահավաքի ժամանակ հայտարարելու է մի շատ կարևոր բանի մասին։ Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, եթե չեմ սխալվում, ինքը հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ, և իրենք հայտնել են, որ միանում են ժողովրդին։ ժողովրդին ասելով նկատի ուներ հենց իրենց»,- ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա պատմեց, որ այդ ժամանակ Մոսկվայում էր, և ամեն օր իրեն զանգում էր ԱԱԾ պետը, և չափազանց մեծ մտահոգություն կար, որ Երկրապահում շուրջօրյա քննարկումներ են գնում Երկրապահ կամավորական ընկերության՝ հանրահավաքին միանալու մասին։ «Ոչ միայն Մանվել Գրիգորյանը, այլև Երկրապահ կամավորականը։ Ես ընդհատել եմ իմ այցը և վերադարձել Երևան փետրվարի 22-ի ուշ երեկոյան՝ տասնմեկն անց։ Հենց օդանավակայանում ոտքի վրա մի 15-20 րոպե, երբ ինձ զեկուցեցին, անվտանգության խորհրդի անդամներն ինձ դիմավորեցին, այդպես էր կարգն այն ժամանակ, զեկուցելուց հետո ես ցանկություն հայտնեցի հենց հաջորդ օրը հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ նախագահական նստավայրում։ Եվ ասեմ՝ սա տասը տարվա ընթացքում առաջին հանդիպումն է նախագահական տնստավայրում բարձրագույն զինվորական հրամանատարական կազմի հետ, դա սովորաբար ՊՆ-ում էինք անում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, որ ես՝ որպես նախագահ, Սահմանադրության երաշխավորն եմ և տեղեկություն եմ ստանում, որ ուղղակի բանակը, բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ։ Ի՞նչ պիտի աներ Գերագույն գլխավոր հրամանատարը և նախագահը։ Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ և զգուշացնի, որ ուղղակի անթույլատրելի է դա, և այնպիսի հետևանքների կարող է բերել, որոնք ուղղակի կկործանեն Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Քոչարյանը՝ ավելացնելով, որ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 23-ին՝ մոտավորապես 11-ի կողմերը։ Նա նաև նշեց, որ չի ասել՝ կոնկրետ ում կանչեն, ցանկ չի ներկայացրել։ Հանդիպումն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, տևել է 20 րոպեից ոչ ավելի, քննարկում չի եղել։ «Հաղորդակցությունը եղել է միակողմանի, ես ուղղակի իմ դիրքորոշումն եմ հայտնել, և բոլորը գնացել են»,- ասաց նա։

«Հիմա հետևյալն է։ Երկու հարցի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Առաջինը, որ հասունանում էր հետքաղաքական ճգնաժամ, դա ակնհայտ էր, մենք գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, քանի որ հանրահավաքներում դեռ մինչև ընտրություններն ասում էին՝ մենք արդեն հաղթել ենք, և եթե մենք պարտվենք, ուրեմն ընտրությունները կեղծված են։ Ճանաչելով նաև անձանց, որոնք ներգրավված էին այս պրոցեսների մեջ, բավական մեծ վստահություն կար, որ այս գործընթացը կարող է վտանգավոր հետևանքերի բերել։

Մենք պետք է շատ զգույշ լինեինք, որովհետև հակառակորդը կարող էր ուղղակի օգտվել այս հանգամանքից։ Ես ինքս, ԼՂ-ում նախագահ լինելով, օգտվել եմ այն հանգամանքից, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում 93 թվականին, երբ քաղաքական ճգնաժամ էր Բաքվում, զորքերը սահմանից տեղափոխվել էին, և այդ ընթացքում մենք ազատագրել ենք երեք շրջան։ Այդքանը հիշողությանս մեջ ունենալով՝ ես զգուշացրել եմ, որ պետք է լրիվ այլ ռեժիմով այդ ժամանակահատվածը հաղթահարենք։ Ես կարծում եմ՝ զորանոցային վիճակը եղել է առաջին հերթին հենց այդ նպատակի համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի խոսքերով՝ մյուս խնդիրը Երկրապահ կամավորական միության հետ էր։ «Նրանց առաջ շատ հստակ է դրվել հարցը՝ կա՛մ քաղաքական գործիչ եք, կա՛մ զինվորական։ Այս երկու հարցը միմյանց հետ փոխկապակցված էր՝ բանակի պառակտում, որից կարող էր օգտվել հակառակորդը։ Այս երկու վտագը պետք էր միասնության մեջ դիտել։ Չանել այդ հանդիպումը ուղղակի հնարավոր չէր, քանի որ հետևանքները ծանր կլինեին։ Որևէ հանձնարարական՝ հրաման արձակել և այլն, չի եղել։ Ես երբեք չեմ ասել՝ ինչպես լուծել հարցը։ Ես նման աշխատաոճ չեմ ունեցել։ Դրել եմ խնդիր, իսկ թե ինչպես պետք է լուծել, դա իրենց՝ տվյալ մարմնի ղեկավարի պարտականությունն է։ Բոլոր նախարարների հետ ես այդպես եմ աշխատել։ Ես չեմ կարող նախարարից ավելի լավ իմանալ, թե ինքը ոնց պետք է լուծի հարցը»,- ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ այդ ժամանակ բանակն ամենից կայացած պետական կառույցն էր, նախարարը 12-13 գլխավոր շտաբի պետի փորձ ուներ ու երկար տարիների նախարար էր ԼՂ-ում, և նրան ասել, թե ոնց պետք է լուծեր խնդիրը... «Նույն օրն այդ «0038» հրամանն արձակվեց, որին, ի դեպ, ծանոթացել եմ այս գործի շրջանակներում։ Դրան ծանոթանալուց հետո, ես համոզվել եմ՝ դա ճիշտ ընդունված հրաման էր։ Կրկնում եմ՝ ես երբեք խնդիր չեմ դրել՝ ինչպես լուծել խնդիրը, երբեք գյուղնախարարին չեմ ասել՝ ինչպես լուծել, ասենք, ոռոգման խնդիրը։ Խնդիր է դրվել լուծել, չես լուծում, ուրեմն՝ հրաժարական։ Դրան ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ հրաման էր։ Բայց կոնկրետ այդ հրամանն ինչպես ընդունվեց, ինչ արվեց՝ իմ գործը չէ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել