Արցախը, նրա գոյությունը տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնն է։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Նա նշել է, որ եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով (աշխարհառազմավարական հակակշիռների համակարգ և այլն) գործնականում անհնար կլինի։
«Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման։ Իսկ ի՞նչ կարող է լինել, երբ անհնար է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել ավանդական միջոցներով, և երբ համաշխարհային և տարածաշրջանային մեծ տերությունները բացահայտ հակադրվելու են միմյանց։ Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել միջուկային պատերազմի շեմին»,-նշել է նախարարը գրառման մեջ:
comment.count (0)