Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ։

Ծնվել է 1973 թվականին, Ստեփանակերտում։

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար, 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ, 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում, 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական, 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

2021 թվականի հունվարին նշանակվել է ԱԳ նախարար։

Իսկ իրենք Արցախի ժողովրդից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ ստացե՞լ են. Դավիթ Բաբայանը՝ Միրզոյանի հայտարարության մասին |aysor.am|

Իսկ իրենք Արցախի ժողովրդից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ ստացե՞լ են. Դավիթ Բաբայանը՝ Միրզոյանի հայտարարության մասին |aysor.am|

aysor.am: Այսօր Աժ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ  իրենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդից մանդատ չեն ստացել նրանց ապագան բանակցելու. «Ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա այն է, որ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական չի կարող լինել, երկարատև ու կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»։ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ նման հայտարարություններն անհասկանալի են. «Ի՞նչ է նշանակում մանդատ ստացե՞լ են, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ իրենք մանդատ ստացել են հայ ժողովրդից՝ Արցախը պաշտպանելու և պահպանելու։ Դա գրված է ՀՀ Սահմանադրության մեջ, դա գրված է ՔՊ  կուսակցության կանոնադրության, ծրագրի մեջ, հետևաբար, նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտավորությունը։ Հիմա ի՞նչ է նշանակում՝ մենք մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են, որ Արցախը ճնաչեն Արդբեջանի կազմում։ Եթե  կան այդպիսի փաստաթղթեր, ապա նրանք պարտավոր են առաջին հերթին հետևել ՀՀ Սահմանադրությանը, իսկ այնտեղ հստակ գրված է, թե Արցախն ինչ պետք է լինի։ Հետևաբար, այդ մանդատով վերցրած պարտավորությունները պարտավոր են կատարել, եթե  չեն ուզում՝ այլ հարց է։ Բայց նորից եմ կրկնում՝ առանց Արցախի չի լինելու հայոց պետականություն, թող որևէ մեկը կասկած չունենա։ Արցախից որևէ մեկը մանդատ չի տվել Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս»։ Անդրադառնալով նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը, թե իրենք հայ ժողովրդից մանդատ են ստացել հայոց պետականությունը պահպանելու համար՝ Բաբայանը նշեց, որ նմանատիպ հայտարարություններն ուղղակի տհաճ են.«Ես էդ Արսենյանի  ասածները երևի մի 100 անգամ մեկնաբանել եմ։ Թող նա իրենց կուսակցության  ծրագիրը կարդա, կարող է չի կարող կարդալ։ Կարո՞ղ է այնտեղ գրված է, որ Արցախի ու Գլենդելի հայերը մի կատեգորիայի են, թող մի հատ համագումար անցկացնեին, այդ բանն առաջարկեր անձամբ ինքը և թող դա լիներ Արսենյանի բանաձևը։ Իհարկե, շատ այլասերված մոտեցում է և որևէ քննադատության չի էլ կարող դիմակայել։ Նորից կրկնեմ այն մարդկանց համար, ովքեր աշխարհագրությունից բան չեն հասկանում կամ միտումնավոր նման հայտարարություններ են անում՝ Գլենդելում, Մոսկվայում, Փարիզում, Թեհրանում հայերին ֆիզիկական կոտորած չի սպառնում։ Այդ  տեղեր հայեր գնացել են որպես սփյուռք, մենք Արցախում ապրում ենք 15 հազար  տարի, միշտ եղել ենք  այստեղ, որևէ տեղից չենք քոչել։ Այո՛, մեր հայ ժոովրդի մի մասը, դժբախտաբար, ենթարկվել է բռնությունների և տեղահանումների, Արցախը հազար ու մի արհավիրք տեսնելով, այնուամենայնիվ, մնացել է, հիմա Արսենյա՞նը պիտի ասի, թե մենք ոնց ապրենք։ Նման հայտարարությունները միայն օգտակար են թշնամուն  և օգտագործում են մեր դեմ»։
17:50 - 05 հունիսի, 2023
Շառլ Միշելի հայտարարությունը խայտառակ հայտարարություն էր․ Դավիթ  Բաբայան

Շառլ Միշելի հայտարարությունը խայտառակ հայտարարություն էր․ Դավիթ Բաբայան

Շառլ Միշելի հայտարարությունը խայտառակ հայտարարություն էր․ սա ուղղակի կոպտագուն խախտում էր ժողովրդավարության, մարդու իրավունքներին հարված։ Միշելը փաստորեն նույնացավ Չեմբեռլենին, երբ 1938 թվականին ամոթալի դավադրությամբ Չեխոսլովակիան հանձնվեց Գերմանիային։ Այս տեղ մի քանի ստորակետ է պետք․ նախ իմանալ պաշտոնական Երևանի ու ՀՀ քաղաքացիների կարծիքը, իմանանք՝ ինչ է մտածում ԱՄՆ-ն, որ վերջնական պարզ լինի հավաքական Արևմուտքի կարծիքը, և տեսնենք՝ Ռուսաստանն ինչ է մտածում, դրանից հետո մենք կիմանանք՝ լրիվ որբ ենք, ունենք մայր, բարեկամներ, ընկերներ։  Նա անդրադարձավ դիտարկմանը, թե երեկ ՀՀ վարչապետը համաձայնել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86 600 քառ․ կմ թվին, ինչը ներառում է Արցախը, սա չի՞ նշանակում ՀՀ իշխանության՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դիրքորոշման մասին։ Բաբայանը նշեց՝ դրա համար է ինքն ասում՝ մնացել է ստորակետ․ «Շառլ Միշելը չեզոքացրեց ցանկացած մանյովրի հնարավորություն՝ թիվը նշելով»։ Բաբայանի խոսքով՝ ամենավատին պետք է պատրաստ լինել, եթե բոլորը ընդունում են սա (չի նշանակում՝ մենք էլ ենք ընդունում), պետք է քայլեր անենք, տեսնենք՝ էս իրավիճակից ինչպես ենք դուրս գալիս։ Կար 4 տարբերակ․ նախկինում եղել է ստատուս քվոյի պահպահում, մինչև տեսնենք՝ ինչ է պատահում․ այս իրավիճակը հիմա բարդանում է, 2-րդը՝ պայքար, 3-րդը՝ թողնել ու դուրս գալ․ թող խարանը լինի նրանց գլխին, ովքեր մասնակցել են այս դավադրությանը, և 4-րդը՝ Ադրբեջանի կազմում, որն անընդունելի է։ Մնում է 2-ը՝ պայքարել կամ բիբլիական ձևով դուրս գալ․ ժողովուրդը պատասխան է ակնկալում։
18:53 - 15 մայիսի, 2023
ՀՀ իշխանություններից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում․ Բաբայան

ՀՀ իշխանություններից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում․ Բաբայան

Ադրբեջանի կազմում չի կարող լինել ո՛չ իրավունք, ո՛չ անվտանգություն։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԳ նախկին նախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանի կազմում չի կարող լինել ո՛չ իրավունք, ո՛չ անվտանգություն։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։ Նույնը նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Եթե տեսնում են, թող ասեն՝ տեսնում են Ադրբեջանի կազմում, չենք նեղանալու ոչ մեկի վրա, բայց մենք մեր քայլերը պետք է տեսնենք՝ ինչ ենք անում, որ իմանանք՝ ծնողներ ունե՞նք, ո՞րբ ենք, եղբայրներ, քույրեր ունե՞ք, թե՞ չունենք»,- գրել է Դավիթ Բաբայանը։
09:28 - 04 մայիսի, 2023
Ադրբեջանը դեռ չի արձագանքել Արցախի իշխանությունների առաջարկին․ Դավիթ Բաբայան |news.am|

Ադրբեջանը դեռ չի արձագանքել Արցախի իշխանությունների առաջարկին․ Դավիթ Բաբայան |news.am|

news.am: Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել Արցախի Հանրապետության իշխանությունների՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու մեկ շաբաթ առաջ արված առաջարկին։ Այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բաբայանը վստահ է, որ ադրբեջանական կողմը ստացել է առաջարկը։ «Առաջարկն իրենք վայրկյանապես կարող են ստանալ, որովհետեւ դրա մասին  տեղեկացվել են նաեւ ռուս խաղաղապահաների միջոցով եւ լրատվամիջոցներով։ Պետք է սպասենք պատասխանին, բայց, իհարկե, մեծ է հավանականությունը, որ որեւէ բան էլ չեն արձագանքի։ Մենք բացառապես պետք է քննարկենք հումանիտար հարցեր, որոնց լուծումը շատ հրատապ է Արցախում»,- նշեց Բաբայանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
12:32 - 18 ապրիլի, 2023
Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են. Դավիթ Բաբայան |armenpress.am|

Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են. Դավիթ Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի  նախկին նախարար, փորձագետ  Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում: Բաքվի հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ  «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ 1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերից մեկն է: «Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը:  Պետք է լինենք միասնական, ճիշտ քաղաքականություն վարենք, կիրթ և հայրենասեր հասարակություն ձևավորենք. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել Բաքվում տեղի ունեցած ջարդերի նման ծանր փորձություններից»,- ասաց Բաբայանը: Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից  իրականացվել են  հայաթափման ծրագրեր,  ու Բաքվի ջարդերն էլ Ադրբեջանի կողմից իրականացվող  ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դեպքերից են  եղել:   «Սա մեր ամենացավոտ թեմաներից մեկն է, և, ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից որևէ պատշաճ գնահատականի չի արժանացել, այդ իսկ պատճառով Ադրբեջանը առ այսօր շարունակում է իր քաղաքականությունը: Եվ այսօր Արցախի շրջափակումն այդ նույն ցեղասպան քաղաքականության մի դրսևորում է»,- ասաց Բաբայանը: Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, և  հայ ժողովրդի  առջև կանգնած է 4 կարևորագույն համազգային խնդիր՝ Արցախի ճակատագիրը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային ինքնության պահպանումը Սփյուռքում և Սևանա լճի փրկությունը: «Հաշվի առնելով, որ ամենավտանգվածը  այս պահին Արցախն է, հետևաբար արցախակենտրոնությունը պետք է լինի գլխավոր արտաքին քաղաքական հրամայականը, գոնե կարճատև ժամանակահտված, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակից   կարողանանք դուս գալ»,- ասաց նա: Ավելի մանրամասն` armenpress.am-ում։ 
09:52 - 17 հունվարի, 2023
Մենք պետք է անձնական օրինակով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ պարկեշտ ծառայելով ժողովրդին. Դավիթ Բաբայան |armenpress.am|

Մենք պետք է անձնական օրինակով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ պարկեշտ ծառայելով ժողովրդին. Դավիթ Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Մենք պետք է մեր անձնական օրինակով ու քայլերով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ ոչ միայն խոսքերով, կենացներով ու կոչերով, այլ պարկեշտ ծառայելով սեփական ժողովրդին։ Այս տեսակետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ շարունակելու են աշխատել Արցախը պահպանելու ուղղությամբ:   «Ես ու իմ ընկերները, կուսակիցները, Արցախի պահպանողական կուսակցության բոլոր անդամները շարունակելու ենք մեր այդ առաքելությունը՝ պահպանել Արցախը։ Հիմա մենք մեր պատմության ամենաբարդ փուլում ենք գտնվում, և 2023 թվականը շատ կարևոր ժամանակահատված է լինելու մեզ համար: Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս պետք է այս կարևորությունը դիտարկենք։ Ես շարունակելու եմ մեր ժողովրդին և պետականությանը ծառայել ինչով որ կկարողանամ, ես ունեմ մի շարք ծրագրեր և  կփորձեմ ավելի հաճախ նման հանդիպումների միջոցով շփվել  և դրանց մասին տեղեկացնել հանրությանը։ Բայց այն, որ անմնացորդ կապված եմ պետությանն ու ժողովրդին դա միանշանակ է՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ դիրքից։ Ըստ իս՝ դիրքը մեկը պետք է լինի՝ ազգի ճակատագրի խրամատը»,- ասաց Բաբայանը։ Նա ընդգծեց, որ հիմա չափազանց կարևոր է  լինել միասնական: «Մենք պետք է նաև անձնական օրինակով ցույց տանք՝ ինչ է հայրենասիրությունը՝ ոչ միայն խոսքերով, կենացներով ու կոչերով, այլ մեր անձնական օրինակով ու քայլերով՝ պարզապես պարկեշտ ծառայելով սեփական ժողովրդին»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այս երկու տարիների ընթացքում Արցախի ԱԳ նախարարությունը ահռելի աշխատանքներ է իրականցրել արտերկրում և սփյուռքում՝ մի շարք կարևորագույն հաջողություններ գրանցելով միջազգային տարբեր ատյաններում: Արցախի վարկանիշը Սփյուռքում վերջին տարիներին չափազանց բարձր է, և սա նաև  արտաքին գործերի նախարարության և  ներկայացուցիչների աշխատանքի արդյունքն է: Համոզված եմ, որ մենք դեռևս ունենք անցնելու երկար ճանապարհ, այո, ծանր է լինելու, բայց, այնուամենայնիվ, հնարավորություն կա։ Եվ ամեն մի ժողովրդի չէ, որ Աստված տալիս է այդ հնարավորությունը՝ ինքնամաքրվելու, իսկ մենք պետք է ինքնամաքրվենք. սա է ամենակարևոր բանալին դեպի հուսալի ապագա։ Արտաքին թշնամիներ միշտ կան և նրանք չեն էլ թաքցնում իրենց նպատակները, և եթե ինքնամաքրվենք, կարողանալու ենք ամեն ինչին դիմանալ: Մենք ժամանակ չունենք և պետք է անենք ամեն ինչ պետության և ժողովրդի փրկության համար։ Շատ  կարևոր է, որ այս պահին պետական համակարգը նույնպես աշխատի և չխարխլվի»,- ասաց Դավիթ Բաբայանը։    Նա նաև շնորհավորեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանին՝ մաղթելով հաջողություններ բոլոր այն ծրագրերում, որոնք կիսատ են մնացել, և որոնք  նա նախատեսել է ապագայում իրականացնել։
19:22 - 11 հունվարի, 2023
Ինչպիսի՞ն է լինելու 2023 թվականը աշխարհաքաղաքական տեսանկյունից. Դավիթ Բաբայան

Ինչպիսի՞ն է լինելու 2023 թվականը աշխարհաքաղաքական տեսանկյունից. Դավիթ Բաբայան

2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:  «Ինչպիսի՞ն է լինելու 2023 թվականը աշխարհաքաղաքական տեսանկյունից: Սա մի հարց է, որը հետաքրքրում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛, իհարկե, քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, գիտնականներին։ Ընդհանուր առմամբ, լինում են համեմատաբար կայուն, խաղաղ, իներտ տարիներ։ Կան լարված, ողբերգական ժամանակաշրջաններ: Բայց կան նաև շրջադարձային ժամանակներ: Այդպիսին էին մեզ համար, օրինակ, 1985, 1988, 1991, 1992, 1993, 1994, 2016, 2018, 2020 թվականները, այո, դա չափազանց շատ, և՛ մեկ ժողովրդի, և՛ մի սերնդի համար։ Բայց այդպիսին է մեր ճակատագիրը, մեր խաչը, որը մենք պետք է կրենք։ Կրիտիկական ժամանակաշրջանների թվում կան նաև այնպիսիք, որոնք կարելի է որակել որպես կրկնակի ճակատագրական ժամանակաշրջաններ, երբ աշխարհաքաղաքական հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Մեզ համար նման ժամանակահատվածներ կարելի է համարել, օրինակ, 1914-1923թթ. 1985-1991 թթ.: 2022 թվականին համաշխարհային աշխարհաքաղաքական ճեղքվածք է արձանագրվել, որն ազդում է նաև տարածաշրջանային գործընթացների վրա։ Ուստի 2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում։ Բայց այստեղ պետք է հիշել, որ աշխարհաքաղաքական ճեղքվածը պարտադիր չէ, որ դրսևորվի աղետներով, այն կարող է լինել նաև աղետների կանխարգելման շրջան։ Պետք է հասկանանք նաև, որ երկակի աշխարհաքաղաքական ցնցումների ժամանակաշրջանները հղի են ոչ միայն վտանգներով ու մարտահրավերներով, այլև մի շարք բարդ խնդիրների լուծումների հնարավորություններով ։ Պարզապես պետք է դիմանալ, քրտնաջան աշխատել և երբեք չկորցնել հավատն ու ինքնատիրապետումը»,- գրել է նա:
10:51 - 03 հունվարի, 2023
Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար. ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալել են Արցախի պատվիրակությանը

Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար. ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալել են Արցախի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հյուրընկալել են Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմանն ու դրա հետեւանքով ստեղծված աղետալի վիճակին առնչվող հարցեր: Այս բարդ ժամանակահատվածում կարեւորվել են արցախակենտրոն քաղաքականության իրականացումը, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում հստակ ռազմավարության մշակումը: Կողմերն արձանագրել են, որ Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար: Մտքեր են փոխանակվել ստեղծված իրավիճակը համատեղ ուժերով հաղթահարելու ուղիների վերաբերյալ: 
17:32 - 16 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանցի «բնապահպաններն» առաջարկել են Բերձորի միջանցքում մաքսակետ դնել, սկզբունքորեն դեմ ենք․ Դավիթ Բաբայան
 |tert.am|

Ադրբեջանցի «բնապահպաններն» առաջարկել են Բերձորի միջանցքում մաքսակետ դնել, սկզբունքորեն դեմ ենք․ Դավիթ Բաբայան |tert.am|

tert.am: Հայաստանի իշխանությունների հետ քննարկել ենք տարբեր հարցեր՝ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելու, համատեղ կերպով Արցախի հայության շահերը պաշտպանելու վերաբերյալ, այդ պատրաստակամությունը իսկապես կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։ Վերջինս նշեց, որ ՌԴ-ն ակտիվ ներգրավված է միջանցքի բացման աշխատանքներին։ «Մենք ուզում ենք, որպեսզի համապատասխան քայլեր ու գնահատականներ անեն նաև այլ  երկրները ևս։ Գոհունակությամբ ուզում ենք նշել, որ լավ հայտարարություններ են եղել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, եվրոպական տարբեր երկրներից, որոնք դատապարտել են Ադրբեջանին։ Այժմ ուզում ենք, որ գործընթացը հայտարարությունների փուլից անցնի գործնական փուլ, որովհետև Ադրբեջանի այդ ակցիան քաղաքակիրթ աշխարհի դեմ է»,- ասաց Բաբայանը։ Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այս քայլով Ադրբեջանը փորձ է անում նաև ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, Բաբայանը ասաց․ «Եթե ճնշում են Արցախը, բնական է, որ այդ ցավը, այդ ճնշումը չի կարող չտարածվել նաև Հայաստանի վրա, բայց փոխկապակցել մեկը մյուսի հետ, ճիշտ չէ, ընդհանրապես ես չեմ ընդունում «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը»։ Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ադրբեջանցի «բնապահպանները» կարող են պարտադրել իրենց՝ Բերձորի միջանցքում մաքսակետ դնելու առաջարկը , Բաբայանը նշեց․ «Ինչպե՞ս պետք է պարտադրեն, եթե մենք սկզբունքորեն դա չենք ուզում։ Դա անքննարկելի է, որովհետև ռուս խաղաղապահները արդեն իրականացնում են այդ գործառույթը, բացի այդ ըստ 2020թ-ի պայմանավորվածության՝ այդպիսի բան չի կարող լինել։ Մաքսակետը Արցախի համար ոչ թե լինելու է հսկիչ կետ, այլ՝ բանտ, անհնար է, որ նման բան լինի»,- նշեց Դավիթ Բաբայանը։
15:02 - 16 դեկտեմբերի, 2022
Դավիթ Բաբայանը Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով գրություններ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ

Դավիթ Բաբայանը Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով գրություններ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը դեկտեմբերի 14-ին գրություններ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ: Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, նամակներում ներկայացվել է Արցախում ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելու և Հայաստանից Արցախ բնական գազի մատակարարումն ընդհատելու պատճառով։ Գրություններն ուղարկվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ  գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին,  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Ավստրալիական Միության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպաններին և մի շարք այլ միջազգային  կազմակերպությունների։ Փաստաթղթերում Ադրբեջանի քաղաքականությունն ու գործողությունները որակվել են որպես միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում։ Կոչ է արվել կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, սանձարձակ գործողությունները կասեցնելու և Արցախը ապաշրջափակելու համար։ Ընդգծվել է Ադրբեջանի պահվածքին անհրաժեշտ գնահատական տալու անհրաժեշտությունը։ Լուսանկարը՝ Արմենպրեսի
16:55 - 15 դեկտեմբերի, 2022
Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, դեռ չենք տեսնում այդ ճնշումը. Բաբայան
 |news.am|

Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, դեռ չենք տեսնում այդ ճնշումը. Բաբայան |news.am|

news.am: Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը պետք է վերածվի ճնշման։ «Բազմաթիվ արձագանքներ կան, այսպես կոչված՝ արձագանքի առաջին փուլ, բայց դրանից հետո պետք է կոնկրետ գործի անցնել։ Որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այս ցեղասպանական քայլը, պետք է նրա վրա քաղաքական ճնշում լինի, այդ ճնշումը դեռ չենք տեսնում, գուցե դեռ չենք զգում, երբ ճանապարհը բացվի՝ կերեւա։ Ըստ երևույթին, Ադրբեջանը ապտակում է նաեւ միջազգային հանրությանը»,– ասաց Դավիթ Բաբայանը։ Արցախցի պաշտոնյայի խոսքով, ռուս խաղաղապահներին պետք է միջազգային մանդատ տրվի, որ նրանք լիազորություն ունենան խաղաղություն պարտադրել։ «1980 խաղաղապահը քիչ է, դա սիմվոլիկ թիվ է։ Անհրաժեշտ է, որ խաղաղապահների թիվն ավելանա, ինչքան շատ՝ այնքան լավ։ Շուշիի մատույցներում տեղակայված է 10–ից 15 խաղաղապահ, մենք ասում ենք՝ ավելացրեք խաղաղապահների թիվը։ Նրանց տվեք միջազգային մանդատ, որ լիազորություն ստանան խաղաղություն պարտադրել, ինչպես արվում է Կոսովոյում, Բոսնիայում։ Եթե միջազգային մանդատ տրվի, ապա ոչ ոք չի կարող գալ եւ ճանապարհը փակել, ցանկացած մարդ, ով առանց զգուշացնելու կարող է գալ, նրանք կարող են կրակել, սա է մանդատը, որ Ադրբեջանը զուսպ լինի,– ասաց Դավիթ Բաբայանը։ Հարցին, թե Արցախը գրավոր ընթացակարգով դիմե՞լ է ռուս խաղաղապահների թվի ավելացման համար, Դավիթ Բաբայանն ասաց. «Մենք բազմաթիվ անգամներ դիմել են նաեւ Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ հարցը բարձրաձայնել ենք նաեւ արեւմտյան կոլեգաների մոտ»։ Հարցին, արձագանք եղե՞լ է, Արցախի պաշտոնյան պատասխանեց. «Իրենք ըմբռնումով են մոտենում այդ հարցին»։ Դավիթ Բաբայանի խոսքով, միջազգային կառույցներին ուղարկված բազմաթիվ նամակներ կան։ «Մենք այս պահին դիմում ենք ՄԱԿ–ին, որպեսզի միջամտեն եւ Ադրբեջանի ագրեսիան կանխեն։ Այդ նամակը շրջանառվում է ՄԱԿ–ում»,– նշեց նա։
14:06 - 15 դեկտեմբերի, 2022
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել  Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։Այդ համատեքստում կոչ է արվում․ - կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը, - Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները, - կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով: Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
18:54 - 13 դեկտեմբերի, 2022
Ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին․ Դավիթ Բաբայան

Ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին․ Դավիթ Բաբայան

Ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորումը համընկավ ևս մի ցեղասպան գործարքի կամ քաղաքականության դրսևորման հետ։ Միակ ճանապարհի փակումը, որ Արցախը կապում է մայր Հայաստանի, արտաքին աշխարհի, ինչպես նաև Արցախի Շուշիի շրջանի մի քանի գյուղի հետ, մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, փաստորեն ադրբեջանական կողմը հերթական անգամ փակել է, կաթվածահար է փորձում անել Արցախը։ Այս մասին Երևանում Արցախի Հանրապետության այլ պաշտոնյաների հետ ունեցած համատեղ  ասուլիսի ընթացքում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։  Բաբայանն ընդգծեց, որ չեն կարողացել վերադառնալ Արցախ․ «Մենք իսկապես չկարողացանք վերադառնալ, որովհետև Ֆրանսիա պաշտոնական այցից հետո ճանապարհին՝ Գորիսում ստիպված կանգնեցինք, մեկ օր մնացինք, քանի որ ճանապարհը փակ էր, իմ կոլեգաներն էլ այստեղ էին, մասնակցում էին այդ կարևոր միջոցառմանը»,-ասաց Բաբայանը։ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը անդրադարձավ նաև հարցին, թե այս իրավիճակում ինչ ակնկալիքներ կան Եվրոպական Միությունից՝ նշելով, որ մի քանի նամակներ արդեն իսկ ուղարկել են եվրոպական կառույցներին․  «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին, որովհետև իսկապես տեղի է ունենում մարդասիրական աղետ, ցեղասպան քաղաքականության դրսևորում, և մենք արդեն իսկ ուղարկել ենք մի շարք պաշտոնական նամակներ Եվրոպայի տարբեր կառույցներին։ Հույս ունենք, որ կոնկրետ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, կլինեն հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Մանուկյանը նույնպես անդրադարձավ այս հարցին․ «ԵՄ-ն արժեքների և մարդու իրավունքների վրա հիմնված կառույց է և աշխարհում տարածում է մարդու իրավունքների պաշտպանություն, բայց ցավալիորեն տեսնում ենք, որ մինչև այս պահը որևէ առարկայական, շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունը։ Իհարկե, աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը վերջին ժամանակներում ստվերի տակ են թողնում մարդու իրավունքների օրակարգը և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը, բայց դա չպետք է այդպես լինի ԵՄ-ի պարագայում, որովհետև մի կառույց, որ աշխարհի բոլոր կետերում տարածում է մարդու իրավունքների օրակարգ, առաջին հերթին իրենից պետք է սկսի և հստակ կանգնի այդ իրավունքների պաշտպանության դիրքերում»,-ասաց Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ Արցախում բնակվող մարդկանց իրավունքները խախտելու համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Լուսանկարը՝ Արմենպրեսի
16:44 - 13 դեկտեմբերի, 2022