Հինգ ակումբ ստացել է 2022-2023 թթ. մրցաշրջանի ՀՀ առաջին խմբում հանդես գալու իրավունք
14:13 - 04 հունիսի, 2022

Հինգ ակումբ ստացել է 2022-2023 թթ. մրցաշրջանի ՀՀ առաջին խմբում հանդես գալու իրավունք

Հունիսի 3-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀառաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 7 թեկնածուների՝ «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ի, «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 5-ին՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ին և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ին: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2022-2023 թթ. մրցաշրջանի ՀՀ ֆուտբոլի առաջին խմբի առաջնությանը:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Բենտոնիտ» և «Օնոր» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները հետևյալ հիմքերով՝

«Բենտոնիտ ՖԱ» ՀԿ - Ակումբը չի բավարարել ՀՀ առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022 թ. խմբագրություն) 17-րդ հոդվածով (Իր կազմում չի ապահովել պահանջվող քանակի և տարիքային խմբերի մանկապատանեկան թիմերի առկայություն) և 36-րդ հոդվածով (Չի լրացրել ակումբի գլխավոր մարզչի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով) սահմանված պահանջները և չի համապատասխանել մարզական և կադրային ու վարչական չափանիշներին:

«Օնոր» ՍՊԸ - Ակումբը չի բավարարել ՀՀ առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022 թ. խմբագրություն) 32-րդ հոդվածով (Չի լրացրել ակումբի ֆիզիոթերապևտի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով), 36-րդ հոդվածով (Չի լրացրել ակումբի գլխավոր մարզչի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով), 37-րդ հոդվածով (Չի լրացրել ակումբի գլխավոր մարզչի օգնականի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով) և 38-րդ հոդվածով (Չի լրացրել ակումբի դարպասապահների մարզչի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով) սահմանված պահանջները և չի համապատասխանել կադրային և վարչական չափանիշին:

Արտոնագրման դիմումների մերժման արդյունքում նշված երկու ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցելու ՀՀ ֆուտբոլի առաջին խմբի 2022-23 թթ. առաջնությանը: Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի բողոքարկման կոմիտե (բողոքարկման մարմին): 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել