Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում խաղաղ հավաքների մշտադիտարկման շրջանակներում զեկույց է հրապարակել հունիսի 3-ին Կառավարական ամառանոցների մոտ ցուցարարների ու ոստիկանության միջև գրանցված բախումների մասին։
Զեկույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է ՀՀ-ում խաղաղ հավաքների մշտադիտարկումը։ Հաշվի առնելով հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաք-երթի վերաբերյալ բազմաթիվ անդրադարձները և գնահատականները, Կոմիտեն հրապարակում է իրականացրած դիտարկման արդյունքները։ Կոմիտեի դիտորդի կողմից արված տեսանյութերը, որոնց հղում է կատարվում սույն զեկույցում, հասանելի են հետևյալ հղումով։
Դիտարկման արդյունքները
Հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքը մեկնարկեց ժամը 16։00-ին, որից հետո տեղի ունեցավ երթ՝ դեպի ՀՀ կառավարության նստավայր։ Մասնակիցները շրջափակեցին նստավայրը՝ նպատակ ունենալով թույլ չտալ ներսում գտնվող անձանց դուրս գալ։ Այնուհետև, ժամը 19։10-ին երթը շարունակվեց՝ դեպի Պարոնյան փողոց։ Երթին մասնակցում էին բազմաթիվ տարեցներ և երեխաներ։
Ժամը 20։10-ին երթը կանգ առավ դեպի կառավարական առանձնատներ տանող ճանապարհի մուտքի մոտ՝ Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկին, որտեղ հավաքի կազմակերպիչները բարձրախոսով ելույթներ ունեցան։ Ոստիկանությունը, բազմաշարք շղթայով արգելափակել էր ինչպես առանձնատներ տանող ճանապարհի մուտքը, այնպես էլ Դեմիրճյան փողոցը։ Հատկանշական է, որ նախկինում նշված փողոցը ոստիկանության կողմից չէր արգելափակվել և դրանով «Դիմադրություն» շարժմումը երթեր էր անցկացրել, օրինակ՝ 2022 թ․ մայիսի 4-ին։ Նույն ժամին, փողոցի արգելափակված հատվածից մոտ 300 մետր հեռավորության վրա՝ Սարյան փողոցում, անցկացվում էր «Երևանի գինու օրեր» փառատոնը։
ժամը 20։30-ին հավաքի ղեկավարը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ի․ Սաղաթելյանը հայտարարեց, որ երթը շարունակվելու է Դեմիրճյան փողոցով, որը այդ պահին արգելափակված էր ոստիկանության բազմաշարք շղթայով։ Ոստիկանների մի մասը սպառազինված էին վահաններով, սաղավարտներով և մահակներով։ Հավաքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկաններից շատերը տեսանելի կերպով կամ առհասարակ չէին կրում տարբերանշաններ։ Հավաքի վայրում, ենթադրաբար, ներկա էին համազգեստ չկրող ոստիկաններ։
Ի․ Սաղաթելյանը հավաքի մասնակիցների հետ մոտեցավ ոստիկանության շղթային՝ ոստիկանների կողմից չբացելու պարագայում նպատակ ունենալով ճեղքել այն։ Մասնակիցները սկսեցին հրել վահաններ կրող ոստիկաններին, սակայն վերջիններս չընկրկեցին և ուժով ետ պահեցին ցուցարարներին, տեղի ունեցան ընդհարումներ։ Հավաքի մասնակիցները շարունակում էին հրել՝ շղթան ճեղքելու նպատակով։ Ոստիկանության մյուս ծառայողներ ուժով հեռացնում էին ցուցարարներին։ Իրավիճակը ծայրահեղ լարվեց։
Ոստիկանները գործողությունների ընթացքում դրսևորեցին աննախադեպ բռնություններ՝ որոնք արձանագրված են կցված և համարակալված տեսանյութերում։ Ցուցարարներից մեկին ոստիկանության մի քանի ծառայողներ գցեցին գետնին՝ բռունցքով հարվածելով դեմքին։ Մեկ այլ ցուցարարի բերման ենթարկեցին՝ մի քանի հոգով քաշքշելով հագուստից և հարվածելով ոտքով։ Մի քանի րոպե անց ոստիկանները հարվածներով բերման ենթարկեցին ևս մեկ ցուցարարի, այնուհետև խմբով ծեծի ենթարկեցին ուրիշին՝ մի քանի հոգով բռունցքներով հետևից հարվածներ հասցնելով։ Հավաքի մասնակիցներին ծեծի ենթարկելու և հարվածելու մի շարք այլ դեպքեր են արձանագրվել հավաքի վայրից հեռարձակող լրատվամիջոցների տեսանյութերում։ Տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ոստիկանության երկու ծառայողներ ծեծում բերման ենթարկվող քաղաքացուն, որից հետո այլ ոստիկան արգելում տեսանկարահանումը։ Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժի միջոցով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց։
Հավաքի ընթացքում ոստիկանությունը, առաջին անգամ 2018 թ․-ից ի վեր, կիրառեց լուսաձայնային նռնակներ։ Առաջին լուսաձայնային նռնակը պայթեց կառավարական առանձնատուն տանող ճանապարհի՝ մուտքից աջ գտնվող լուսացույցի մոտ, որտեղ շղթա կազմած կանգնած էին ոստիկանության ծառայողները։ Նռնակների հաջորդ կրակոցները ճշգրտված էին և պայթում էին օդում։
Միջադեպի ընթացքում հավաքի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետում էին պլաստիկ շշեր և այլ առարկաներ, որոնք, ոստիկանների կողմից, ետ էին շպրտվում մասնակիցների ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց ոստիկանության զորքերը շղթա կազմեցին Պռոշյան փողոցի լայնքով՝ մասնակիցներին հեռացնելով Դեմիրճյան փողոցի սկզբնամասից։ Կրքերը որոշակիորեն հանդարտվեցին և հավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ երթը կվերադառնա Ֆրանսիայի հրապարակ՝ Բաղրամյան պողոտայով։ Հավաքի վայրում տեսանելի էին պատառոտված հագուստով, դեմքի և մարմնի այլ մասերի վնասվածքներով բազմաթիվ քաղաքացիներ։ Հատկանշական է, որ Բաղրամյան պողոտայով անցնելիս երթի մի մասը չէր ուղեկցվում ոստիկանության կողմից։
Միջադեպից հետո ՀՀ ոստիկանությունը տարածեց հայտարարություն, ըստ որի հավաքի վայրից տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ, հարուցվել է քրեական գործ։
Եզրակացություն
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակված նախորդ զեկույցներում տեղ գտած առաջարկությունները, ցավոք, ողջ ծավալով շարունակում են մնալ արդիական[15]։
Չնայած ոստիկանության կողմից կիրառված աննախադեպ բռնություններին՝ տարբեր պետական պաշտոնյաներ, քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակության այլ անդամներ 2022 թ․ հունիսի 3-ին տեղի ունեցած իրադարձությունները ներկայացրեցին խիստ միակողմանի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հավաքը համարել էին ոչ խաղաղ, ցուցարարներին անվանել «ագրեսիվ զանգված», «խուլիգաններ» և այլն[16]։ Թեև հավաքի մասնակիցների կողմից փորձ արվեց ուժ կիրառելով ճեղքել ոստիկանության շղթան, նման գործելաոճը նոր չէ Հայաստանում տեղի ունեցած հավաքների պարագայում և բավարար չէ հավաքը ոչ խաղաղ որակելու համար։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հարկ է համարում մեջբերել 2018 թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հավաքի դիտարկումների արդյունքներից հատված, որոնք ամբողջությամբ հասանելի են Կոմիտեի զեկույցում։
2018 թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում Ն․ Փաշինյանը առաջնորդում էր հավաքը և ոստիկանության կողմից կազմած պատնեշին մոտենալուց հետո հայտարարեց՝ «մենք՝ Ազգային ժողովի չորս պատգամավորներս, ձեր ուղեկցությամբ, հիմա գնալու ենք մեր աշխատանքի վայրը»։ Այնուհետև, հավաքի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանության պատնեշը։ Ընդհարման ընթացքում որոշ հավաքի մասնակիցներ ձեռքերով պահում էին ոստիկանների պարզած մահակները, հրում վահանները, տեղափոխում ցանկապատերը։ Հավաքի մասնակիցներից մեկը ոստիկանների ուղղությամբ նետեց աղբարկղում գտնվող աղբով լի տոպրակ։ Մի քանի այլ մասնակիցներ ոստիկանության ծառայողից խլեցին վահանը և մահակներ, հրում էին ոստիկաններին։ Դիտարկվել են փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ։ Այնուհետև ոստիկանությունը հավաքի նկատմամբ կիրառեց լուսաձայնային նռնակներ։
Նշված իրադարձությունների վերաբերյալ համացանցում առկա են բազմաթիվ տեսանյութեր։
comment.count (0)