armenpress.am: ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք փոփոխություններ են կատարվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրում։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Նախագիծը վերաբերվում է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրմանը։
Կառավարությունը նախորդ տարի նոր գործիք մտցրեց, որով պետությունը մասնակիորեն երաշխավորում էր գյուղատնտեսական հումքի մթերման համար տրամադրվող վարկերը, որպեսզի ոլորտի կազմակերպությունները կարողանան վերցնել այնքան գումար, ինչքան իրենց պետք է, ոչ թե այնքան, ինչքան գրավ ունեն։ Այդ գործիքը բավականին արդյունավետ աշխատեց։ 9 կազմակերպություններին տրամադրվել է 5,4 միլիարդ դրամի բյուջետային երաշխիք»,- ասաց Քերոբյանը։
Նախարարի խոսքով՝ հունիսի 7-ին ստացված օպերատիվ տեղեկության համաձայն՝ ընթացիկ տարում պտուղ-բանջարեղեն մթերումների կանխատեսվող ծավալները կազմում են 149, 3 հազար տոննա, անցած տարվա 80 հազար տոննայի համեմատ։
«Այս տարի ներդրել ենք գյուղատնտեսական հումքի մթերման պայմանագրերի նախօրոք կնքման մեխանիզմ, և մայիսի 31-ին արդեն ավարտվել է պտուղ-բանջարեղենի համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետը։ Ակնկալված արդյունքը կա. 1354 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է 1500 բերքի գնման պայմանագիր, համաձայն որի պետք է մթերվի 81,6 հազար տոննա պտուղ-բանջարեղեն 12 միլիարդ դրամ ընդհանուր գումարով»,- նշեց Քերոբյանը։
Նախարարը հիշեցրեց, որ հուլիսի 1-ին վերջանում է խաղողի մթերման պայմանագրերի կնքման համար վերջնաժամկետը և կոչ արեց բոլոր գյուղացիներին ու մթերողներին մինչև հուլիսի 1-ը կնքել մթերման պայմանագրերը։
comment.count (0)