news.am: Երեւանի Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Վահե Միսակյանի, այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ գործով վկաների՝ դատարան չներկայանալու հիմքով։
Դատական նիստին պետք է հարցաքննվեին վկաներ Եղիշե Վարդանյանը եւ Սեւան Քոչարյանը։
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 7-ին՝ 14։30-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում էլ Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։
comment.count (0)