Գործող հողի հարկին եւ գույքահարկին փոխարինելու է գալիս միասնական անշարժ գույքի հարկի գաղափարը. Պետրոսյան |armtimes.com|
12:43 - 20 հունիսի, 2019

Գործող հողի հարկին եւ գույքահարկին փոխարինելու է գալիս միասնական անշարժ գույքի հարկի գաղափարը. Պետրոսյան |armtimes.com|

armtimes.com։ Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի զեկուցող Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ասաց, որ սրանով ներկայումս գործող հողի հարկին եւ գույքահարկին փոխարինելու է գալիս միասնական անշարժ գույքի հարկի գաղափարը, որպես հարկման օբյեկտ սահմանելով նաեւ անշարժ գույքի բաղադրիչ համարվող հողը: Բացի այդ, անշարժ գույքի հարկման բազայի որոշման ներկայումս գործող կադաստրային արժեքից անցում է կատարվելու իրական շուկայականին մոտարկված կադաստրային արժեքին:

«Այս փոփոխությունները չեն վերաբերում գյուղատնտեսական հողերին: Այս փաթեթով անշարժ գույքը դիտարկվում է երեք ձեւերով՝ հողամաս, հողամաս իր բարելավումներով, այդ թվում առանձնատներ, շինություններ, երրորդ մասով սահմանվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների, հասարակական ու արտադրական շինությունների գնահատման կարգը»,- նշեց Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով առանձնատների վերաբերյալ հստակեցվել են ճոխություն համարվող բաղադրիչները՝ լողավազաններ, թենիսի խաղահրապարակները, շվաքարանները: Նա նշեց, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել