ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 17-ին հանդիպել է Ղրղզական Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ, որը Երևանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, ողջունելով հյուրին ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության անվտանգության խորհուրդների քարտուղարների երբևէ կայացած առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է։ Արմեն Գրիգորյանը նաև հավելել է, որ սա ևս մեկ վառ ապացույց է երկկողմ փոխշահավետ համագործակցային հարաբերությունները զարգացնելու համար, ինչը ներառում է ոչ միայն բազմակողմ, այլ նաև երկկողմ ձևաչափերով համագործակցությունը:
Ըստ աղբյուրի՝ Ղրղզստանի ԱԽ քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԽ քարտուղարին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ղրղզական հարաբերությունները գրանցում են կայուն զարգացման միտում, մասնավորապես, ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։
Նշվում է, որ հանդիպման ավարտին Մարատ Իմանկուլովը պաշտոնական այցով հրավիրել է Արմեն Գրիգոյանին Ղրղզական Հանրապետություն։
comment.count (0)