Վահագն Խաչատուրյանն ստորագրել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը
19:33 - 20 հունիսի, 2022

Վահագն Խաչատուրյանն ստորագրել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ:

«Սույն թվականի մայիսի 30-ին մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված նամակին ի պատասխան հայտնում ենք, որ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է բնապահպանական և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նամակում արծարծված խնդիրներին և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ամբողջովին ընդունվելու դեպքում՝ այն չստորագրելու ՀԿ-ների խնդրանքին՝ հակասահմանադրականության հիմնավորմամբ:

Հետամուտ լինելով խնդրի լիարժեք պարզաբանմանը ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված սույն օրենքի հիմնավորումներին, առաջին ընթերցումից հետո ՀՀ Կառավարության ներկայացրած առաջարկներին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացություններին: Նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական և փորձագիտական բաժինները նույնպես ներկայացրել են խնդրո առարկա օրենքում փոփոխությունների վերաբերյալ վերլուծություն:

Վերոշարադրյալ եզրակացությունների և վերլուծություններին համադրության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ՀՀ Սահմանադրությանը հակասող հոդվածներ և կետեր չեն արձանագրվել: Ըստ այդմ, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 18-ին ստորագրել է օրենքը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է՝ ՀՀ նախագահի աշխատակազմը բաց է հանրային կարևորություն ունեցող թեմաների շուրջ տարբեր ձևաչափերով քննարկումներում ներգրավվելու և մասնակցելու համար:

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել