armenpress.am: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության հրավերով մայիսի 14-15-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Դատապարտյալների պահման ռեժիմի կառավարում» բազմակողմ հանդիպմանը:
Հանդիպման գլխավոր նպատակը Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչների համախմբումն էր «Դատապարտյալների պահման ռեժիմի կառավարմանը» վերաբերող հարցերով առաջավոր փորձի և լավագույն պրակտիկայի փոխանակման, քննարկումների միջոցով քրեակատարողական համակարգում նոր մոտեցումների ներկայացման և դրանք Եվրոպայի Խորհրդի, ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափորոշիչներին համապատասխանեցնելու հեռանկարներով, որոնք կապահովեն դատապարտյալների կառավարման արդյունավետության բարձրացումը, և նվազագույնի կհասցվեն ազատազրկված անձանց բացասական վարքագծի դրսևորումներն ու կրկնահանցագործությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական համակարգի այնպիսի խնդրահարույց հարցեր, ինչպիսիք են ազատազրկված անձանց միջև երբեմն տեղի ունեցող ֆիզիկական բռնությունը, որը հաճախ դրսևորվում է հատկապես խոցելի դատապարտյալների նկատմամբ։
Քննարկվել է սպառնալիքի և ֆիզիկական բռնության կանխարգելումը, ինչպես նաև կալանքի տակ պահման պայմանները, կանոնները և անչափահաս դատապարտյալների իրավունքների պահպանումն ու նրանց անձի անվտանգությունը ապահովելը թեմայով:
Բացի այդ, քննարկվել են նաև ցմահ ազատազրկման և այլ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց միայն պատժի հիմքով անջատ պահելու անթույլատրելիության, կանանց իրավունքների, օտարերկրյա դատապարտյալների պահման պայմանների առանձնահատկության, մեկուսի բանտարկության, առանձնակի վտանգ ներկայացնող դատապարտյալների նկատմամբ իրավիճակին և տարբերակված մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ հիմնախնդիրները:
comment.count (0)