Հայաստանը դատարանում Քոչարյանի գործով ինքնիշխանության քննություն է հանձնելու |1in.am|
08:32 - 18 մայիսի, 2019

Հայաստանը դատարանում Քոչարյանի գործով ինքնիշխանության քննություն է հանձնելու |1in.am|

1in.am։ Այս շաբաթ ի վերջո սկսվեց վերջին տարիների, թերևս, ամենասպասված դատավարությունը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ի դեպքերին նախընթաց՝ սահմանադրական կարգի տապալման համար: Բայց սահմանադրական կարգը, արդյոք, առաջին անգամ 2008 թվականի՞ն է տապալվել, թե՞ դեռ այն ժամանակ, երբ 1998 թ. Ռոբերտ Քոչարյանին տրվեց փաստաթուղթ, որ նա 10 տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, ինչը փաստացի իրականությանը չի համապատասխանում:

Պատասխանելով  այս հարցին՝ հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Շատ բաներ կան, բայց քանի որ սա հիմա արդեն ոչ թե ուղղակի քաղաքական խոսակցություն է, ինչպես որ եղել է տարիների ընթացքում, այլ կոնկրետ իրավական պրոցեսի մեջ է մտել, ես ուզում եմ՝ մենք շատ կարևորենք սա:

Կարևորենք ոչ միայն նրա համար, որ ով է դատվում և ինչի համար,- սա էլ է շատ կարևոր,- այլ կարևորենք բուն պրոցեսը, որ սա Հայաստանի արդարադատության համար իսկապես յուրահատուկ փորձաքար է: Քանի որ արդարադատության համակարգին տարիներ շարունակ հասարակությունը չի վստահել, մենք ավելի շատ ապավինել ենք դրսի արդարադատությանը՝ Եվրադատարան և այլն…

Բայց դրանք գործեր են Հայաստանի Հանրապետության դեմ, և հիմա շատ կարևոր է, որ այստեղ մեր՝ ներքին արդարադատության խնդիրն է: Այսինքն՝ մենք այն պետությունն ենք, այն հասարակությունն ենք, որ ինքներս մեր արատները ի զորու ենք ինքնուրույն դատելու»:

«Ինչ վերաբերում է կոնկրետ Քոչարյանին վերաբերող գործին, շատ կարևոր է Մարտի 1-ի թեման: Որովհետև Մարտի 1-ը, ամեն դեպքում, մի քանի կարգ ավելի խոր, ավելի ծանր թեմա է, քան նույնիսկ մնացած այն բոլոր հանցանքները՝ իրական կամ ենթադրյալ, որոնցում մենք կասկածում ենք Հայաստանի նախկին իշխանական խմբին:

Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը երկու անկյունաքարային թեմա են, և դրանք, կարելի է ասել, Հայաստանի ինքնիշխանության հետ կապված թեմաներ են»,- նշեց նա՝ հավելելով. «Այս դատավարությունը նաև նախադեպ է և նախազգուշացում Հայաստանի ցանկացած հաջորդ կառավարությանը, իշխանությանը, պաշտոնյաներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել