Պայքար ուրվականների դե՞մ |acnis.am|
12:02 - 18 մայիսի, 2019

Պայքար ուրվականների դե՞մ |acnis.am|

acnis.am։ Մայիսի 13-ին Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ նախկին երեք այլ պաշտոնյաների գործով դատական նիստը։

Քոչարյանի հետ միասին ամբաստանյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել 2008թ․ նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքով։

Առաջին իսկ օրվանից այս դատավարությունը վերածվեց ծանրակշիռ քաղաքական գործընթացի՝ հանրության ուշադրությունը, սակայն, բեւեռելով ոչ թե քրեական գործի իրավական բաղադրիչների, այլ «հեղափոխականների ու հակահեղափոխականների» միջեւ պարբերաբար բռնկվող պայքարի շուրջ արդեն մեկ տարի գոյություն ունեցող ներքաղաքական հիմնական դիսկուրսի վրա։

Նման դիսկուրսի սաստկացման առիթ դարձան դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանին կողմ եւ դեմ օրակարգով սկիզբ առած ակցիաները, որոնք ծավալվել էին հանրային երկու տարբեր խմբերի միջեւ։ Դրա հետեւանքով այսօր ներքաղաքական լրահոսն առավելապես զբաղված է ոչ թե դատական նիստի բովանդակային հարցերը քննարկելով, այլ դատարանի պատերից դուրս երկու հակադիր ճամբարների գործողությունները լուսաբանելով։

Դժվար չէ նկատել, որ վերջին ամիսներին քաղաքականապես ակտիվ շատ դերակատարների ու պաշտոնյաների համար քաղաքական կյանքը «սեւ ու սպիտակ» գույների մեջ տեսնելն ամենացանկալի դիրքավորումն է։ «Հեղափոխականներ-հակահեղափոխականներ» դիսկուրսի հաճախադեպ ի հայտ գալը վկայում է, որ այն որքան ընկալելի, նույնքան էլ պահանջված մի վիճակ է դրանում ներգրավված կողմերի եւ, նույնիսկ, հանրության մեծամասնության համար։

Սակայն այդ ամենի հետ մեկտեղ՝ ակնհայտ է, որ նախորդ քրեաօլիգարխիկ վարչակազմի կողմից ռեւանշի հասնելու հնարավորություն չկա ու չի էլ կարող լինել։ Ուստի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ իրար դեմ պայքարում են միանգամայն անհավասար շրջանակներ՝ փորձելով միմյանց ներկայացնել որպես գաղափարական ու մարդկային կապիտալի մեծ ներուժով օժտված սուբյեկտներ։

Եթե նախկինների դեպքում այս դատավարությունը պատրվակ էր ՀՀ երկրորդ նախագահի շուրջ քաղաքական հալածյալի կերպար ձեւավորելու միջոցով համախմբման գործընթաց սկզբնավորելու եւ ընդդիմադիր միավորի պատրանք ստեղծելու համար, ապա բոլորովին այլ բացատրություն ունի գործող վարչախմբի շատ ներկայացուցիչների ներգրավումն այդ «պայքարում»։

Վերջիններիս դեպքում նախկինների դեմ ակտիվ գործունեություն ծավալելը, թերեւս, Հայաստանի քաղաքական կյանքին իրենց ներգրավվածության հիմնական դրդապատճառն է։ Բայց միայն այդ հանգամա՞նքն է կառավարող ուժի ներկայացուցիչներին ստիպում թողնել վարչական աշխատանքն ու լծվել նախկինների դեմ պայքարի գործին, ինչն, ըստ էության, ուրվականների դեմ պայքար է հիշեցնում:
Վերջին օրերին Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում բավական լարված իրավիճակ էր։

Սողանքի գոտում գտնվող բնակիչներն անգամ ճանապարհ էին փակել՝ պահանջելով լուծել սողանքային գոտու բնակիչներին փոխհատուցում տալու խնդիրը։ Թվում է՝ տվյալ խնդիրը որեւէ կապ չպետք է ունենար Ռոբերտ Քոչարյանի՝ այս օրերին ընթացող դատավարության հետ։ Սակայն, ըստ Կոտայքի մարզպետի, այդ ակցիաները պատահական չեն։

«Հեռակա կարգով ճանաչելով ակցիայի որոշ մասնակիցների, իմանալով նրանց քաղաքական հայացքները՝ ես, այո, հակված եմ մտածելու, որ սա կոնկրետ սաբոտաժ է՝ պայմանավորված ներքաղաքական իրավիճակով՝ Քոչարյանի դատավարությամբ։ Մարզում մենք նմանատիպ փոքրիկ բողոքների մի քանի օջախներ ունենք, որոնք վերջին երկու օրերին հանկարծակի սկսել են աշխուժանալ։ Եվ սա այն դեպքում, երբ խնդիրն արդեն կառավարության օրակարգում է։ Ի՞նչ հարկ կա, ուրեմն, ճանապարհ փակել։

Հետեւաբար, կարծում եմ, ամբողջ նպատակը համապետական քաոտիկ վիճակ ստեղծելն է։ Գուցե սխալվում եմ, բայց հակված եմ այդպես մտածելու»,- նշել է մարզպետը։

Շարունակությունը՝ acnis.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել