Հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
16:55 - 12 հուլիսի, 2022

Հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով որ հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի:

Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ ցանկանում ենք պարզաբանել, որ  հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի»,- նշված է հիմնադրամի պարզաբանման մեջ:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ԶԱՀ-ը հատուցում է տրամադրում մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Հատուցումները տրամադրվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) որոշման արդյունքում շահառուի հաշմանդամության խմբի տրամադրման կամ վերանայման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։

Զինհաշմանդամության խմբի վերանայման դեպքում, օրինակ՝ 2-րդ խմբից 3-րդ խմբի վերանայում, շահառուն դադարում է հատուցում ստանալ օրենքի համաձայն։ Ընդ որում, եթե անձը համաձայն չէ ԲՍՓՀ կայացրած որոշման հետ, ըստ գործող օրենսդրության, կարող է բողոքարկել այն՝ վարչական կամ դատական կարգով։

Միևնույն ժամանակ, զինհաշմանդամություն ունեցող անձը ցանկացած պահի, եթե համարում է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, կարող է դիմել (ԲՍՓՀ) կրկին բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու նպատակով (հաշմանդամության խմբի վերանայման նպատակով)։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, հաշվի առնելով շահառուների շրջանում առկա մտահոգությունները, կհամագործակցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հասարակության և մասնավորապես շահառուների շրջանում թեմայի շուրջ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ։

Հավելյալ տեղեկությունների համար․

Հաշմանդամության խմբերի վերաբերյալ հարց ու պատասխան՝ www.mlsa.am/?page_id=1317

ՀՀ Կառավարության N 276-Ն որոշում՝ www.arlis.am/documentview.aspx?docid=98229


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել