Լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ. բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի ներսում հանդիպում են քաղաքապետի հետ  |news.am|
13:55 - 05 սեպտեմբերի, 2022

Լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ. բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի ներսում հանդիպում են քաղաքապետի հետ |news.am|

news.am: Հաղթանակ թաղամասի բնակիչները, որոնք քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, փակեցին փողոցը: Քիչ անց նրանց մոտեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն ու հայտնեց, որ քաղաքապետն առաջարկել է, որ երեք բնակիչներ բարձրանան եւ հանդիպեն իր հետ:

Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ քաղաքապետն անձամբ իջնի եւ իրենց հետ հանդիպի:

Կատվալյանը լրագրողներին հայտնեց, որ սա 1-2 օրվա հարց չէ, տասնամյակների հարց է. «Այս պահին որոշակի պրոցես իրականացվել է, գույքագրվել են այն հողերը, որոնք դեռ պետական գրնցման չեն գնացել: Մենք օգոստոսի 10-ի դրությամբ փաթեթը մուտք ենք արել քաղաքապետարան: Պետք  է հասկանանք ակտերի իսկությունը, որովհետեւ եղել են դեպքեր, երբ ակտերի մասով կեղծիք է եղել: Փորձաքննություն է իրականացվելու, որից հետո բնակիչներին ըստ կարգի տրամադրվելու են սեփականաշնորհման վկայական»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը մոտ 130 մարդու մասին է:

Կատվալյանի խոսքով, դեռ պետք է փորձաքննության մրցույթ հայտարարվի. «Հողեր խլելու մտավախության խնդիր չկա, պարզապես մենք ասել ենք՝ ժողովուրդ ջան, բերեք ձեր ակտերի բնօրինակները: Այսօր ընդամենը 42 բնակիչ է հանձնել ակտերի բնօրինակները: Մյուսների մոտ որոշակի մտավախություն կա, քանի որ իրենք միայն այդ մի փաստաթուղթն ունեն: Վախենում են՝ այն կորի»:

Վարչական շրջանի ղեկավարի՝ ճանապարհը բացելու վերաբերյալ հորդորներն ապարդյուն էին։ Գործին խառնվեցին կարմիր բերետավոր ոստիկանները։

«Էսքան մարդու արհամարել է քաղաքապետը, լայաղ չի արել իջնի, եկել հասել ենք այստեղ։ Ոստիկաններ են կանչել, որ բախումներ հրահրեն, պարոն քաղաքապետ, իջեք ներքև»,-ասաց բնակիչներից մեկը:

«Երկու տարի ԱԺ պատգամավորները մեզ խաբում էին, երկրի ղեկավարը խաբում էր։ Եթե մենք էսօր պատասխաններ չստանանք, ինչքան փողոց կա Երևանում, փակելու ենք»,-ասաց ակցիայի մեկ այլ բնակիչ:

Ի վերջո, թաղապետի հետ մի քանի բնակիչներ մտան քաղաքապետարանի շենք։ Այս պահին հանդիպումը շարունակվում է։

Նշենք, որ այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»:

Նրանք նշում են, որ իշխանությունները չեն սեփականաշնորհում իրենց պատկանող հողատարածքներն ու տները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել