Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

 |factor.am|
14:23 - 06 սեպտեմբերի, 2022

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն |factor.am|

factor.am: Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա կինը՝ Արմինե Գրիգորյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այս մասին տեղեկանում ենք azdarar.am-ից։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Ըստ այդմ, հայտնում եմ, որ անհրաժեշտ է ներկայանալ սույն թվականի սեպտեմբերի 07-ին՝ ժամը 17:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով հարկավոր է նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին»,- նշված է ծանուցման մեջ:

Հիշեցնենք, որ Վահե Նիկոյանը մեղադրվում է Երևանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորների հրապարակային սակարկությունները կազմակերպելիս ենթադրյալ չարաշահումներ կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։ Նշենք, որ այս գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել