Անուշ Աբետյանի եղբայրը հերքում է լուրը, թե թշնամու կողմից խոշտանգված ու մասնատված կնոջ մարմինը իր քրոջ դին է |armtimes.com|
17:40 - 19 սեպտեմբերի, 2022

Անուշ Աբետյանի եղբայրը հերքում է լուրը, թե թշնամու կողմից խոշտանգված ու մասնատված կնոջ մարմինը իր քրոջ դին է |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 36-ամյա Անուշ Աբետյանը երեք անչափահաս երեխա ունի՝ 16 տարեկան դուստր եւ 15 ու 4 տարեկան որդիներ։ Անուշը ծնունդով Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր:

Անուշ Աբետյանի եղբայրը՝ Գեղամ Աբետյանը, ցավով անդրադարձավ օրեր շարունակ տարածվող այն տեղեկություններին, թե թշնամու՝ խոշտանգած ու մասնատված մարմինն իր քրոջ՝ Անուշ Աբետյանի մարմինն է: Գեղամը նշեց՝ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Դա սխալ տեղեկատվություն է, Անուշը «ԱՏԱՆ» ջոկատի դիպուկահարն է եղել, ու իրենց հրամանատարությունը հայտարարել է, որ նման բան չի եղել»,- ասաց նա:

Եղբոր խոսքով՝ Անուշի զոհվելուց հետո նրան անմիջապես հանել են հայկական դիրք, ապա՝ իջեցրել: «Սխալ տեղեկություններ են գրում ու տարածում, մենք էլ էն հոգեվիճակում չենք, որ մտնենք, հատ-հատ բոլորին հերքենք: Բայց հրամանատարությունից ասացին, որ ասուլիս կտան, եւս մեկ անգամ էլ կհերքեն: Մեզ համար սա ինչ-որ չափով մխիթարանք է, որ քույրս թշնամու ձեռքը չի ընկել, զոհվել է պատվով»,- ասաց նա:

Նկատենք՝ ավելի ուշ «ԱՏԱՆ» ռազմահայրենասիրական հ/կ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրվեց ջոկատի անդամներից Եփրեմ Մարգարյանի ուղիղ եթերը, որում նա հայտնում է կեղծ տեղեկատվության մասին:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ մարտական գործողությունների ժամանակ Անուշ Աբետյանն իր ստորաբաժանման կազմում գտնվել է մեզնից ձախ (վայրը հատուկ չեմ նշում): Անուշ Աբետյանը հակառակորդի կողմից ո՛չ բռնաբարվել է, ո՛չ քառատվել եւ ո՛չ էլ եղել է որեւէ բան, ինչն այս օրերին մեր լրատվամիջոցները ներկայացնում ու տարածում են: Անուշ Աբետյանը զոհվել է հերոսաբար՝ մինչեւ վերջ կատարելով իր սահմանադրական եւ ծառայողական պարտքը: Նա ընկել է արկի պայթյունից: Եղեգնաձորի դիահերձարանում անձամբ գնացել եմ դիակների ճանաչման: Մեր հերոսներից Սամսոն Կոստանդյանի դիակի հետ մեկտեղ ճանաչել եմ Անուշ Աբետյանի մարմինը: Արկի պայթյունից մարմինը գրեթե անճանաչելի էր, բայց Անուշը ոտքի թաթից ուներ հրազենային վիրավորում ու սպի, կրում էր նաեւ արծաթե մատանի. այդ տեղեկություններն են օգնել, որ մենք առավել վստահ լինենք, որ հենց նա է»,- տեսանյութում ասում է Մարգարյանը:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել