Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ ընդդիմությունը լավ չի աշխատել, լայն հանրային աջակցություն չի ապահովել, սակայն չի համակերպվելու


 |armenpress.am|
13:24 - 10 հոկտեմբերի, 2022

Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ ընդդիմությունը լավ չի աշխատել, լայն հանրային աջակցություն չի ապահովել, սակայն չի համակերպվելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ընդդիմությունն իշխանությանը հեռացնելու պայքարում լավ չի աշխատել, լայն հանրային աջակցություն չի ստացել, բայց չեն հարմարվելու, շարունակելու են պայքարը: Վարդանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

Աղվան Վարդանյանը նախ անդրադարձավ իշխանությանը: Նա իշխանությանը, երկրի ղեկավարին մեղադրեց մի շարք հարցերում, այդ թվում երկրում «միակուսակցականություն» ստեղծելու փորձի, պատերազմի, Արցախի հարցում «զիջումների», տարբեր ուժային կառույցների պարգևավճարներ տալու և շատ այլ հարցերում: Ապա հարցրեց, թե ինչո՞ւ երկրի ղեկավարը չի հեռանում:

Նա նաև անդրադարձավ իշխանությանը հեռացնելու համար իրենց պայքարին:

«Մեղավոր ենք, չենք կարողացել, փորձել ենք, անձնազոհության ենք գնացել, բայց լայն հանրային աջակցություն չենք ապահովել, ուրեմն լավ չենք աշխատել: Հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք, վստահ եղեք՝ չենք համակերպվելու, հեռացնելու ենք: Մեղադրեք մեզ, բայց նաև մտածեք, թե դուք ինչ եք արել»,-ասաց Վարդանյանը:

Նա վստահեցրեց, որ այդտեղ իշխանության պայքարի հարց չկա, պետության, հայկական ինքնության, արժանապատվության հարց է, իրենց օրակարգն է անվտանգությունը, բանակը, ներքին համախմբումը, հավասարակշռված արժանապատիվ արտաքին քաղաքականությունը: «30 տարի Արցախն ազգային գաղափար էր, հիմա էլ պետք է լինի, նաև պետականությունն ու հայկական ինքնությունը: Մենք շարունակելու ենք, Արցախը, սփյուռքը պետք է շարժվեն»,-նշեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել