Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է |armenpress.am|
12:18 - 16 մայիսի, 2025

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համարում է, որ իրենց քաղաքական ուժի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինականության շրջանակներում է:  

Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահից դատախազության կողմից պահանջվող բռնագանձման ենթակա գույքերի վերաբերյալ հարցին: 

Օհանյանը շեշտեց՝ այն, ինչ տիրում է Հայաստանում և ինչպիսի գործընթացներ կան հակակոռուպցիոն ոլորտում, դատաիրավական ոլորտում, տեսանելի են բոլորի համար: Դրանց պատասխանատվության հարցը իրավապահ ոլորտի խնդիրներից է: 

«Այդ հարցերին մեկ անգամ չէ, որ պարոն Քոչարյանը և նրա հարազատները պատասխանել են: Դատաիրավական գործընթացներն ընթանում են: Եթե այնտեղ ինչ–որ խախտումներ կան, դրանց շրջանակներում թող օրինական որոշումներ ընդունեն: Մեզանից ոչ ոք այդ պատասխանատվությունից չի խուսափում»,–ասաց խմբակցության ղեկավարը: 

Անդրադառնալով հարցին, թե իր մոտ կասկած չի՞ հարցում Ռոբերտ Քոչարյանի գույքի օրինականության հարցը՝ Օհանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ նրանք գործել են օրինականության շրջանակներում և նրանց գործունեությունը, նաև ձեռքբերումներն օրինականության շրջանակներում են»:  

Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել