civilnet.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը որակել է «զրոյին ձգտող հավանականություն ունեցող» նախաձեռնություն։ «48 ժամվա երազանքի համար դեկորացիա չենք դառնա»,- ասել է նա մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։
Հասարակական-քաղաքական գործիչներ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի նախաձեռնած «Արթուն ենք» շարժումը փորձում է ԱԺ-ում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց և դրա համար ակնկալում է նաև «Հայաստան» խմբակցության աջակցությունը։
«Արթուն ենք» շարժման անունից Ազգային ժողովին հանձնվել են 107 պատգամավորի անունով նամակներ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով։ Շարժումը նախաձեռնել են ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը։ Շարժման անդամները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը և խախտել կառավարության ծրագրի հիմքերը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ շարժման որոշ դերակատարներ չեն պատկերացնում գործընթացի քաղաքական հետևանքները։
«Քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ իմ տպավորությամբ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում»,- ասել է նախկին նախագահը։
Քոչարյանի խոսքով՝ ինքը չի հանդիպել որևէ մեկին, որը այս գործընթացը իրատեսական համարի։ «Նույնիսկ նախաձեռնողները հաճախ հայտարարում են, թե՝ «փորձենք, եթե չստացվի, չստացվի»,- ասել է Քչարյանը։
Ըստ Քոչարյանի՝ ամբողջ գործընթացը նման է մեկ-երկու օրվա ուշադրության արժանանալու փորձի։
«Կարող է մարդ կա, ում համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու՝ կյանքի երազանքն է։ Դու հայտնվում ես քննարկումների կենտրոնում, հարցազրույցներ ես տալիս, քեզ տաղավարներ են հրավիրում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար»,- ասել է Քոչարյանը։
Քոչարյանն անդրադարձել է նաև շարժման պնդումներին՝ փողոցի ճնշման միջոցով փոփոխությունների հասնելու վերաբերյալ։ Նրա կարծիքով, եթե իշխանությունը փողոցում ճնշում է զգում, դա պետք է դրսևորվի հրաժարականով կամ հեղափոխությամբ, այլ ոչ թե սահմանադրական հղումներով:
«Փողոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կորցնի, սա նշանակում է՝ կա՛մ հրաժարական, կա՛մ հեղափոխություն»,- ասել է երկրորդ նախագահը։
Նա նշել է, որ իր գլխավորած դաշինքը վարչապետի թեկնածու չունի, քանի որ չի տեսնում հեռանկար։
«Մեր ֆրակցիայից ութ հոգի կան, որ կարող են վարչապետ լինել իրենց անցած ճանապարհով, բայց ուղղակի մարդ չկա, որ պատրաստ է այդ 48 ժամվա համար նման քայլի գնալ»,- ասել է նախկին նախագահը։
Քոչարյանը նաև ակնարկել է, որ այս նախաձեռնության գլխավոր շարժիչ ուժը, իր համոզմամբ, ՀՀԿ-ն է, և իր հասցեին հնչող քննադատություններին ինքը վաղուց է սովոր։
«Ես թիրախավորվելու իմունիտետն ունեմ, շատ երկար տարիների փորձ։ Բայց դա մի առավելություն ունի՝ դու չես խոսում, քո մասին բոլորը խոսում են»,- ասել է Քոչարյանը։
Հայաստանի երկրորդ նախագահը կրկնել է, որ նման գործընթացին մասնակցելն իր համար հետաքրքրություն չի ներկայացնում։
Գյումրիի ավագանու վերջին ընտրություններն օրինակ բերելով, Քոչարյանը նշել է, որ իշխանափոխության կարելի է հասնել ընտրություններով։
comment.count (0)