Նորվեգիայի ԱԳ նախարարը վարչապետի հետ հանդիպմանն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությանը
19:15 - 18 հոկտեմբերի, 2022

Նորվեգիայի ԱԳ նախարարը վարչապետի հետ հանդիպմանն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է տիկին Հյութֆիլդտի այցը Հայաստան, ինչը նոր ազդակ կհաղորդի հայ-նորվեգական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նորվեգական կողմի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն իսկ գտնվում է Հայաստանում, քննարկման փուլում է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ մեր երկիր գործուղելու հարցը:

Վարչապետը մանրամասն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ԼՂ մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին:

Նորվեգիայի ԱԳ նախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումների օրակարգին: Աննիկեն Հյութֆիլդտն իր տպավորություններն է ներկայացրել Հայաստան այցից և խոսել ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին՝ դրանք գնահատելով արդյունավետ և օգտակար: Նա հույս է հայտնել, որ հայ-նորվեգական կապերը նոր առաջընթաց կարձանագրեն ու կամրապնդվեն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել