ԵՄ-ն 300 հզր եվրոյի օգնություն կտրամադրի Հայաստանում հակամարտությունից տուժածներին
18:19 - 20 հոկտեմբերի, 2022

ԵՄ-ն 300 հզր եվրոյի օգնություն կտրամադրի Հայաստանում հակամարտությունից տուժածներին

Եվրոպական միությունը հայտարարել է մոտ 118 միլիոն դրամի (300,000 եվրո) հրատապ օգնություն սեպտեմբերին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց համար, որ ամենամահաբեր իրադարձություններն էին 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժինը:

«Գալիք ձմռան ընթացքում այս ֆինանսավորումը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված 7600 անձանց շրջանում առավել խոցելի մարդկանց, ինչպես նաև այդ մարդկանց հյուրընկալող համայնքներին և այն խոցելի անձանց, որոնք մնացել են հակամարտության ազդակիր տարածքներում։

ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն ասել է.«Անցյալ ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով եղել են ավելի շատ տեղահանումներ, ավելի շատ կորուստներ և ավերածություններ։ Եվրոպական միությունը հատկացնում է լրացուցիչ հրատապ ֆինանսական աջակցություն՝ մարտերից ուղղակիորեն տուժած առավել խոցելի անձանց կարիքները հոգալու և ձմռան ցուրտ ամիսների հաղթահարման հարցում նրանց օգնելու նպատակով»։   

Հայաստանում ԵՄ գործընկեր մարդասիրական կազմակերպությունները կտրամադրեն հիգիենայի պարագաներ, կացարանների վերանորոգման փաթեթներ և դրամական աջակցություն՝ օգնելու մարդկանց հոգալ իրենց հիմնական կարիքները, օրինակ՝ սնունդ, ջեռուցման ծախսեր կամ վարձավճար:

Արտակարգ աջակցության տրամադրումը սերտորեն կհամակարգվի Հայաստանի իշխանությունների և արտակարգ իրավիճակների դերակատարների հետ:

Ֆինանսական աջակցությունը հնարավոր է դարձել «Emergency Toolbox» (Հրատապ գործիքատուփ) գործիքակազմի  շնորհիվ, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման և ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող խոցելի մարդկանց առաջնահերթ ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով և համակարգվում է Եվրոպական հանձնաժողովի Emergency Response Coordination Centre (ERCC) (Հրատապ արձագանքման համակարգման կենտրոնի) կողմից»,-նշված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել