Հոկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Ողջունելով դեսպանի այցը Սահմանադրական դատարան՝ Արման Դիլանյանը նշել է, որ Բարձր դատարանը շահագրգիռ է ակտիվացնելու և արդյունավետ դարձնելու երկկողմ փոխգործակցությունը Շվեդիայի Թագավորության գերագույն դատարանի, ինչպես նաև իրավունքի գերակայության ոլորտում գործող շվեդական զարգացման գործակալությունների և կազմակերպությունների հետ:
Սահմանադրական դատարանի նախագահն ընդգծել է, որ իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու լավագույն փորձի փոխանակումը անչափ արժեքավոր են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացման և լավագույն եվրոպական փորձի ներդրման համար:
Դեսպան Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար և շեշտել է իր երկրի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ էլ ավելի ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ դատաիրավական բարեփոխումների իրականացումը և մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար:
Շվեդական կողմի խնդրանքով Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-շվեդական իրավական գործակցությանն ու միջդատարանական կապերի ամրապնդման հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
comment.count (0)