Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` փոխվարչապետն ընդգծել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և զարգացման կարևորությունը:
Անդրադառնալով Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությանը` Մաթևոսյանը կարևորել է առկա օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններով ընդլայնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են մշակույթի և կրթության ոլորտներում ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնմանը և միջմշակութային երկխոսության նոր հարթակների ձևավորմանը վերաբերող հարցեր: Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը փոխվարչապետին է ներկայացրել այս ուղղություններով արդեն իսկ մեկնարկած համատեղ ծրագրերը` վստահություն հայտնելով դրանց շարունակականության վերաբերյալ:
Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահը փոխվարչապետին է փոխանցել նաև Շարժայի էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամադ Ալ Կասիմիի ողջույնները` վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը նպաստելու պատրաստակամությունը:
comment.count (0)