Որևէ պարագայում մեր պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի․ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ համագումարին
11:39 - 29 հոկտեմբերի, 2022

Որևէ պարագայում մեր պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի․ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ համագումարին

Մենք ծրագիր ենք ներկայացրել հանրությանը և հավատարիմ ենք մնացել այդ ծրագրին, և մենք ունենք պարագա, երբ ծրագրին հավատարիմ մնալը մեզ բերել է հաջողություն ու ունենք դեպք, երբ բերել է անհաջողություն․ Լեռնային Ղարաբաղի դեպքը հենց դրա մասին է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ինչու՞ այդպես եղավ․ որովհետև մենք երբեք չենք մտածել, որ Ղարաբաղի հարցը մի հարց է, որը մենք պետք է օգտագործենք իշխանության մնալու կամ ներքաղաքական խնդիր լուծելու համար։ Եվ, ինչպես մենք ներքաղաքական առումով փորձել ենք գնալ մեր պետականության հիմունքների վերահաստատման ճանապարհով՝ համաձայան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի, նույն կերպ էլ մենք գնացել ենք ԼՂ խնդրի հետևից։ Մեր մեծագույն խնդիրը եղել է այն, որ մենք մեր պետականության հիմնադրման բովանդակության շրջանակներում մոտենանք ԼՂ խնդրի լուծմանը»,- ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կուսակցության հիմնադիր ծրագրի՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ կետին, ասաց․ «իմ վարչապետ ընտրվելուց հետո իմ առաջնային ջանքերը ուղղված են եղել ԼՂ բանակցողի կարգավիճակի վերականգմանը և էստեղ էլ մենք հավատարիմ ենք մնացել մեր տեքստերին, բայց արդյունքում պարզվեց, որ այս բոլոր պատմությունները դուրս են ՀՀ վերահսկողության տակից, որովհետև ՀՀ-ն շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի վերաբերյալ, պարզվեց, որ ՀՀ-ն այլևս որևէ բան այդ համատեքստում չի որոշում և միակ բանը, որ կարող է որոշել, դա հլու կատարել է այլ տեղերում կայացրած որոշումները։ Այո, եթե մենք սխալ ենք արել, այդ սխալը հետևյալն է․ մենք չենք հնազանդվել այդ որոշումներին, բայց մենք այդպես վարվել ենք ոչ միայն ԼՂ խնդրի համատեքստում, այլ որովհետև հասկացել ենք, որ դրանով կկորցնենք մեր ինքնիշխանությունը և պետականությունը։ Մենք հասկացել ենք, որ գուցե ԼՂ հարցը ամբողջ պատմությունը չէ, պատմության մնացած մասը վերաբերում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը ու սուվերենությանը, և ես ուզում եմ արձանագրել, որ ինչպես մեր կուսակցության հիմնադիր փաստաթղթերում, այսօր էլ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը ու սուվերենությունը մեզ համար բարձրագույն նպատակ է, և մենք այսօր բարձր և հստակ պետք է հայտարարենք և արձանագրենք, որ որևէ պարագայում մեր պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի, և մենք կուսակցություն ենք, որը պետք է տեր կանգնի անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը»,- հայտատարեց վարչապետը։ 

Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ի

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել