Գումարտակի հրամանատարին և 9 սպայի մեղադրանք է ներկայացվել ռազմական դրության ժամանակ պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար
17:22 - 03 նոյեմբերի, 2022

Գումարտակի հրամանատարին և 9 սպայի մեղադրանք է ներկայացվել ռազմական դրության ժամանակ պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողների կողմից, ռազմական դրության պայմաններում, իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 10 սպայի մասով նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
 
Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, N զորամասի հրամանատարի՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ի համապատասխան հրամանով զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը մեկնել է մարտական գործողություններին մասնակցելու, սակայն գումարտակի մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ հրամանատարը և 9-ը սպա, ճանապարհին հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից և այն փաստացի դադարեցնելով՝ վերադարձել են զորամասի մշտական տեղակայման վայր:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ գումարտակի հրամանատարին և 9 սպայի  մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգքրի 529-րդ հոդվածի 3-րդ մասին):
 
Նշված 10 սպաների վերաբերյալ առանձնացվել է նոր վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը որոշելու համար:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել