Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա․ Նիկոլ Փաշինյան
20:35 - 11 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին ու պատասխանեց այն հարցին, թե արդյոք Բաքվի կողմից պայմանավորվածությունների չկատարումը միջնորդական ջանքերը հեղինակազրկելու ու նոր պատերազմ սկսելու նախաբա՞ն են:

«Ձեր զարգացրած տրամաբանությունը հասկանալի է և որևէ մեկը չի կարող ասել, թե այդ տրամաբանությունը փաստարկված չէ, բայց մյուս կողմից չենք կարող ուղղակի  համակերպվել այ իրողության հետ, թե հաջորդ հանգրվանը նոր էսկալացիան է։ Ես գործնականում դա եմ փորձում իրականացնել, որ նախ պետք է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման։ Իսկ դրա լավագույն ձևը, կարծում եմ՝ գույքագրելը և ճշգրտելն է այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ։ Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, որովհետև եթե նույնիսկ լինում են բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր մակարդակներում ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ և ընդգծեց դրա բովանդակությունը:

«Իմ կարծիքով երեկվա իմ ելույթը ծառայել է իր նպատակին, որովհետև այսօր Ադրբեջանի ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ,  որում մեզ մեղադրում են Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք։ Սա կարևոր է նրանով, որ Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, իսկ ԱԳՆ այդ միջանցք բառը արդեն չի օգտագործում։ Ինչո՞ւ, որովհետև ԱԳՆ հայտարարության հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է, իսկ միջազգային հանրությունը փորձում է վերադառնալ և տեսնել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրված և ինչ է գրված տեքստերի մեջ։ Դա է պատճառը, որ կարևոր  է գույքագրում անելը, թե ինչ է պայմանավորված, ինչ է գրված տեքստերի մեջ»,- հավելեց Փաշինյանը։

Վերջինս ընդգծեց, որ Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա։ Խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել