ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը
20:13 - 15 նոյեմբերի, 2022

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դեսպան Յորգալիսի դիվանագիտական փորձառությունը նպաստելու է հայ-կիպրական հարաբերությունների առավել սերտացմանն ու բազմաշերտ փոխգործակցության զարգացմանը:

Նախագահը մասնավորապես նշել է. «Մենք իրականում իրար հետ շատ անելիքներ ունենք, որովհետև միայն միասնական պայքարի միջոցով մենք կարող ենք հաղթահարել ադրբեջանա-թուրքական ծրագրերը և ամենակարևորը մենք տարաձայնություններ չունենք որպես երկու երկրներ, ընդհակառակը, կարծում եմ մենք պետք է ավելի զարգացնենք ու ինտեգրվենք իրար հետ»:

Անդրադառնալով հնարավոր համագործակցության ուղղություններին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է Կիպրոսի հետ բազմաշերտ փոխգործակցության և այդ կապակցությամբ նպատակահարմար է Հայաստանում Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ:

Զրույցի ընթացքում երկուստեք անդրադարձ է եղել Երևանում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով հանդիպման հնարավորությանն ու նման հանդիպումների կարևոր նշանակությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել